երկուշաբթի, 26 հունվարի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Տիգրան Մանսուրյանի ծննդյան 65-ամյակի առթիվ
Մեծարգո Տիգրան Մանսուրյան
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:
Ձեր գրեթե կեսդարյա ստեղծագործական գործունեության ընթացքում, շարունակելով և նոր ժամանակների ոգով զարգացնելով ազգային երաժշտարվեստի լավագույն ավանդույթները, Դուք ստեղծել եք հիրավի դասական արժեքներ, որոնք լայն ճանաչում են բերել Ձեզ ոչ միայն Հայրենիքում ու Սփյուռքում, այլև միջազգային ասպարեզում:
Հայկական լավագույն կինոնկարների համար գրած Ձեր բարձրարվեստ երաժշտությունը մեծապես նպաստել է նաև արդի հայ կինոյի զարգացմանը, Ձեր երաժշտության շնորհիվ է նաև, որ այդ ֆիլմերից շատերը գնահատվել ու սիրվել են խստապահանջ հանդիսատեսի կողմից:
90-ական թվականների սկզբին, մեր ժողովրդի և պետության համար դժվարին տարիներին, ղեկավարելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Դուք մեծ ավանդ եք ներդրել ազգային երաժշտական արվեստի զարգացման, երաժիշտների նոր սերնդին հայ դասական արվեստի ավանդույթներով ու ոգով դաստիարակելու գործում:
Սրտանց շնորհավորելով Ձեզ ծննդյան 65-ամյակի առթիվ, ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում և ստեղծագործական նորանոր նվաճումներ՝ ի փառս հայ երաժշտական արվեստի, հայ ժողովրդի և Հայոց պետականության:
ՀՀ վարչապետ
Անդրանիկ Մարգարյան