չորեքշաբթի, 18 ապրիլի 2012
Վարչապետն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին: «Հայաստանը շահագրգռված է էլ ավելի խորացնել ԱԷՄԳ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ատոմային էներգաբլոկի շահագործման անվտանգության ապահովմանը: Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած դեպքերից հետո մեր երկիրն առաջիններից մեկն էր, որ ընդունեց միջազգային փորձագետների խումբ՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունն ուսումնասիրելու համար»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Յուկիյա Ամանոյին՝ համագործակցության և օժանդակության համար:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հանրապետության Նախագահի գլխավորությամբ գործում է ատոմային էներգիայի անվտանգության խորհուրդ և միջուկային անվտանգության խնդիրը գտնվում է վերջինիս մշտական ուշադրության կենտրոնում:
ԱԷՄԳ գլխավոր տնօրենը նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է հանդիսանում իր գլխավորած կառույցի համար, որովհետև այն ունի գործող ատոմակայան և ծրագրում է կառուցել նորը: «Դուք ծրագրում եք երկարացնել գործող ատոմակայանի գործունեության ժամկետը, այնուհետև կանգնեցել այն և շահագործումից հանել: Բոլոր այս փուլերում մեր գործակալությունը պարտավորված է օժանդակել Հայաստանին՝ այդ աշխատանքները սահուն և հարթ կերպով իրականացնելու համար: Ցանկանում եմ գովեստի խոսքեր հղել Ձեր կառավարությանը՝ փորձագիտական խմբին Մեծամորի ատոմակայան հրավիրելու և այդ աշխատանքների հաշվետվությունը ԱԷՄԳ-ի անդամ բոլոր երկրներին հասանելի դարձնելու համար»,- ասել է Յուկիյա Ամանոն: Անդրադառնալով ատոմային նոր էներգաբլոկի կառուցմանը՝ ԱԷՄԳ-ի նախագահն ասել է, որ համատեղ պետք է ներդնել բոլոր ջանքերը այդ աշխատանքների թափանցիկության բարձր մակարդակ ապահովելու համար:
Վարչապետ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է դրանում և պատրաստ է հետագայում ևս գործել թափանցիկ և բաց կերպով: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ արդեն իսկ հաստատվել է գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման և անվտանգության ապահովման միջոցառումների ժամանակացույցը: