երկուշաբթի, 26 հունվարի 2004
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԻԲՐԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑ
Այսօր Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմում բացվեց «Ցեղասպանության կանխարգելում, սպառնալիքներ և պատասխանատվություն» խորագիրը կրող միջազգային համաժողովը, որին մասնակցում են աշխարհի շուրջ 60 երկրների պատվիրակություններ և հեղինակավոր միջազգային կազմակերպություններ (ՄԱԿ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ և այլն): Համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նաև Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավը, թագուհի Սիլվիան և թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան: Բացման արարողությունն սկսվեց մշակութային ծրագրով՝ Թագավորական դրամատիկական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» երգչախմբի մասնակցությամբ, որը ցեղասպանությանը վերաբերող իր փոքրիկ ներկայացման մեջ, մթնեցված դահլիճում, մոմերի լույսի ներքո բավականին տպավորիչ ներկայացրեց ցեղասպանություն վերապրածների հուշերը՝ էկրանի վրա զուգահեռաբար ցուցադրելով 20-րդ դարի ցեղասպանությունները, այդ թվում՝ 1915թ. Հայոց ցեղասպանությունը վկայող և փաստող կադրեր: Հարկ է նշել, որ միջազգային այս համաժողովը նախաձեռնողների պատվերով շվեդական համալսարաններից մեկի կողմից համաժողովի մասնակիցների համար պատրաստվել և բաժանվել է 20-րդ դարում տեղի ունեցած ցեղասպանությունների մասին վկայող պատմական ակնարկներն ամփոփող գրքույկ, որի առաջին բաժինը նվիրված է Հայոց ցեղասպանությանը. «Չկա որևէ կասկած, որ այն (ցեղասպանությունը) հրահրողները, որոնց ղեկավարներն էին ՆԳ նախարար Թալեաթ փաշան և ռազմական նախարար Էնվեր փաշան, նպատակադրվել էին լուծել իրենց պատկերացմամբ անհնազանդ, երկերեսանի հայկական փոքրամասնության խնդիրը՝ իբրև այն կոծկելու ամենահարմար առիթ օգտագործելով առաջին աշխարհամարտը»,- գրում են պատմաբանները՝ ավելացնելով, որ «Ցեղասպանությունը ամենահամապատասխան տերմինն է այս ողբերգական իրադարձությունները բնութագրելու համար»: Մշակութային ծրագիրն ավարտելով պրոֆեսոր Յեհադա Բաուերի՝ համաժողովի բովադակությանը խիստ պատշաճող խոսքերով. «Չլինենք դահիճ, չլինենք զոհ և որ ամենակարևորն է՝ չլինենք անտարբեր»:
Փոքրիկ ներկայացումից հետո, համաժողովը բացեց Շվեդիայի վարչապետ Գորան Պերսոնը, որն իր ելույթում բնութագրելով ցեղասպանությունները և դրանք զուգորդելով պատմական ակնարկներով, ընդգծեց ցեղասպանության, իբրև հանցագործության կանխարգելման և դրա դեմ պայքարում միջազգային կոնվենցիաների օգտագործման անհրաժեշտությունը. «Մենք ունենք միջոցներ և պետք է կատարելագործենք ու զարգացնենք, կիրառենք դրանք: Յուրաքանչյուր ազգային պետության պատասխանատվությունն է՝ հարգել մարդու իրավունքներն ու պաշտպանել իր քաղաքացիներին բռնություններից: Բայց իրականությունը տարբեր է մեր նկարագրած պատկերից: Կառավարությունները հաճախ չունեն միջոցներ անհատին պաշտպանելու համար կամ էլ զուրկ են քաղաքական կամքից, իսկ երբեմն ոտնահարումները նրանց ռազմավարության մասն են: Վերջապես եկել է այն ժամանակը, երբ մենք պետք է ինքներս մեզ պարտավորեցնենք ցեղասպանությունների կանխարգելման, ակտիվ մի օրակարգի իրագործմանը: Այն, ինչ վտանգված է՝ դրանից ավելի հիմնարար որևէ բան գոյություն չունի. երեխաներ, կանայք, տղամարդիկ, արիություն, գիտելիք, հավակնություններ, ազատություն, երազանք, սեր, անկրկնելիություն, ես և դու»,-նշել է Շվեդիայի թագավորության վարչապետը:
Նրա ելույթին հաջորդեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ելույթը, որը ևս խոսելով ցեղասպանությունների և կոնվենցիաների պատմության մասին, միաժամանակ նշեց այն թերացումները, որ ունեցել է միջազգային հանրությունը ցեղասպանությունները կանխելու գործում: Կանխարգելումը համարելով ՄԱԿ-ի կարևորագույն նպատակներից մեկը, կազմակերպության գլխավոր քարտուղարն իր խոսքում նշել է. «Ցեղասպանությունը՝ լինի այն կանխատեսման փուլում, թե ընթացքի մեջ, իրականում, եթե իր անվամբ էլ չկոչվի, մեծ սպառնալիք է խաղաղությանը: Այն պետք է արձագանք գտնի՝ խիստ և միասնական քաղաքական գործողություններով ու ծայրահեղ դեպքում՝ ռազմական միջամտությամբ: Դա նշանակում է, որ ունենք տեղում իրավիճակը հստակ գնահատելու չափորոշիչների կարիքը, որպեսզի կարողանանք տարանջատել ցեղասպանության իրական սպառնալիքները (կամ դրա հետ համեմատելի մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները), որը ռազմական արձագանքի կարիքը ունի այլ իրավիճակներում, կամ որտեղ ուժի կիրառումը լեգիտիմ չի լինի: Որպես միջազգային համայնք, մենք ունենք հստակ պարտականություն՝ կանխել ցեղասպանությունը: Ես վստահ եմ, որ միասնաբար մենք ունենք այն կանխելու անհրաժեշտ ուժը: Հարցն այն է, արդյո՞ք մենք ունենք կամք»,- ելույթի ավարտին հարցադրում է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, այնուամենայնիվ հույս հայտնելով, որ միասին կհաջողվի արդյունքի հասնել:
Բավականաչափ հետաքրքիր էր նաև պրոֆեսոր Յեհադա Բաուերի ելույթը: Նա նշել է, որ սա պատմության մեջ առաջին անգամն է, երբ միջազգային այսպիսի բարձր մակարդակի համաժողով է հրավիրվում, որը միտված է ցեղասպանությունների կանխարգելմանը, ինչն ամենալուրջ սպառնալիքներից է մարդկության համար և որի արդյունքում 1900թ.-ից մինչև 1987թ. սպանվել է մոտ 169 մլն. մարդ: «Այս համաժողովի ընթացքում մենք, իհարկե, աշխարհը չենք փրկի,-իրատեսորեն մոտենալով խնդրին, շարունակել է պրոֆեսորը,-Չենք ուզում ինքնախաբեությամբ զբաղվել, գիտակցելով, որ հենց ինքնախաբեություններն են հանցագործությունների, սպանությունների աղբյուր դառնում: Եթե կարող ենք կյանքեր փրկել, եթե կարող ենք պայմաններ ստեղծել, որ կանխարգելենք սպանությունները, հանցագործությունները, եթե մենք կարող ենք դա, կամ դրա մի մասն անել, ուրեմն մեր թոռները կարգին պայմաններում կապրեն և կօրհնեն մեզ»,- խոսքը եզրափակել է պրոֆեսոր Յեհադա Բաուերը:
Հունվարի 26-ին մեկնարկած համաժողովի առաջին ելույթների մեջ էր նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը, որը եզրափակվեց առաջարկով՝ 2005թ. պատերազմների, ցեղասպանություննրի, տեղահանումների և ժողովուրդների իրավունքների ոտնահարման դեմ պայքարի և ոգեկոչման տարի հայտարարելու մասին:
Պատվիրակությունների ղեկավարների ելույթներին հաջորդեց առաջին լիագումար նիստը: Ելույթներ և լիագումար նիստեր են նախատեսվում նաև համաժողովի հաջորդ երկու օրերին:
Հունվարի 26-ի կեսօրին ՀՀ վարչապետը տիկնոջ հետ մասնակցեց Շվեդիայի թագավորի անունից նրա նստավայրում պետությունների և կառավարությունների ղեկավարների պատվին տրված ճաշին, իսկ երեկոյան՝ երկրի վարչապետի ընդունելությանը: ՀՀ վարչապետն օրվա ընթացքում զրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հետ, որը հավանություն է տվել Հայաստանի նախաձեռնությանը՝ 2005թ. պատերազմների, ցեղասպանությունների, տեղահանումների և ժողովուրդների իրավունքների ոտնահարման դեմ պայքարի և ոգեկոչման տարի հայտարարելու վերաբերյալ և քննարկել է այդ գաղափարն իրագործելու մեխանիզմները: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը զրույցներ է ունեցել նաև Ալբանիայի նախագահ Ալֆրեդ Մոյիսիուի, Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի, ինչպես նաև ցեղասպանությունների ուսումնասիրման նշանավոր մասնագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի հետ: Պարոն Վիզելը հատուկ ընդգծել է, որ մեծ կարևորություն է հաղորդում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և թուրք պաշտոնյաների ու գիտնականների հետ զրուցելիս նրանց խորհուրդ է տալիս թոթափել պատմության այս բացասական բեռը: Հայաստանի վարչապետը մեր պետության և ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել նշանավոր գիտնականին՝ այս պատմական բարդույթը հաղթահարելու գործում ցուցաբերվող աջակցության համար:
Հարկ է նշել, որ բանախոսներից շատերն իրենց ելույթներում հատուկ ընդգծում էին ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, իբրև ոճրի կանխարգելման կարևորագույն միջոցներից մեկը:
Վաղը համաժողովը կշարունակի աշխատանքը: