ուրբաթ, 20 ապրիլի 2012
Արդյունաբերական քաղաքականության շրջանակում Կառավարության և մասնավոր հատվածի միջև ստորագրվել են ռազմավարությունների իրականացման հուշագրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի, ինչպես նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Անցնելով օրակարգային հարցերին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքը: Ակնկալվում է, որ 2012 թվականին արդյունաբերության բնագավառի ընդհանուր ծավալները կհատեն մեկ տրիլիոն դրամի ցուցանիշը: Նախարարի խոսքով՝ 2011-ին այս ոլորտում արձանագրվել են տպավորիչ արդյունքներ՝ արդյունաբերության ընդհանուր ծավալներն աճել են 14,1 տոկոսով և կազմել 953 միլիարդ դրամ, ինչը տնտեսության մեջ ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում ևս գրանցվել են աճի խոստումնալից տեմպեր. նշված ժամանակահատվածում արձանագրվել է արդյունաբերության 18,5 տոկոս աճ:
Տիգրան Դավթյանը նշել է, որ կառավարությունը մի շարք գործիքներով շարունակում է աջակցություն ցուցաբերել արտադրական ընկերություններին: Մասնավորապես, ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի տրամադրման ուղղությամբ 2011-ին հավանության է արժանացել 10 ներդրումային ծրագիր՝ 52,9 միլիարդ դրամի ծավալով, իսկ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում հաստատվել է 4,3 միլիարդ դրամի 4 ներդրումային ծրագիր: Այս քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ:
Ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգման ծրագրից օգտվելու ծավալները նախորդ տարի կազմել են 14 միլիարդ դրամ, իսկ այս տարի արդեն իսկ հավանության են արժանացել 1,3 միլիարդ դրամի երեք ծրագրեր:
Արդյունաբերական ընկերությունների վարկավորման գործընթացն օրեցօր ավելի ինտենսիվ է դառնում: Պետական ռեսուրսների միջոցով Ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից արդյունաբերական և ներդրումային ծրագրերի վարկավորման նպատակով տեղաբաշխվել է 3,6 միլիարդ դրամ: 2012-ին իրականացվել է 9 վարկային ծրագրի վարկավորում՝ 786 միլիոն դրամ ծավալով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի զեկուցմամբ՝ արդեն ձևավորվել են կոնյակագործության և դեղագործության բնագավառների ճյուղային խորհուրդները, որոնց շրջանակներում քննարկվում և մշակվում են 2012-2015 թթ.-ի միջացառումների ծրագրերը:
Ռազմավարության շրջանակներում միջազգային կառույցների հետ համագործակցությամբ նախատեսվում է մասնակցել տարբեր միջազգային ֆորումների, ցուցահանդեսների՝ հայկական ապրանքների առաջխաղացմանն ու արտահանմանը նպաստելու համար: Մասնավորապես, ապրիլի 20-ին գործարար պատվիրակություն է մեկնելու Վրաստան, որտեղ նախատեսվում է արտահանման ենթակա հայկական ապրանքների ներկայացման ծրագիր:
Օրակարգի հաջորդ հարցով զեկուցվել է, որ արդեն իսկ ստեղծվել են կոնյակագործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհուրդների քարտուղարությունները, որոնցում ընգրկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության և համապատասխան բնագավառում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կոնյակագործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների բնագավառներում 2012-2015 թվականների գործողությունների ծրագրի նախագծերին և Հայաստանի գինեգործության ոլորտային ռազմավարության մշակման ընթացքին:
Այնուհետև, վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և դեղագործության ու բիոտեխնոլոգիաների, ինչպես նաև կոնյակագործության ոլորտների ներկայացուցիչների միջև ստորագրվել են այս բնագավառների ռազմավարությունների իրականացման վերաբերյալ հուշագրեր, որոնք ծրագրերի իրականացման շրջանակներում ամրագրում են փոխադարձ պարտավորություններն ու գործողությունները: Կառավարության անունից հուշագրերն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Հուշագրերի իրականացման նպատակն է՝ այս ոլորտներում ապահովել արտադրության և արտահանման ծավալների կայուն աճ, արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա, հայկական արտադրանքի որակի և միջազգային մրցունակության բարձրացում, աշխատատեղերի պահպանում և նոր աշխատատեղերի ստեղծում։