երկուշաբթի, 23 ապրիլի 2012
Վարչապետն ընդունել է ՅՈՒՆԵՍԿO-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿO-ի 36-րդ համաժողովի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցիչ Կատալին Բոգյային և ՅՈՒՆԵՍԿO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչև Էնդիգային: «Մենք մեծապես կարևորում ենք համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿO-ի հետ, ինչի համար կան մի քանի հիմնարար պատճառնեևր: Դրանցից առաջինը մեր ժողովրդի անցած ուղին է: Ցանկացած խնդիր, որը վերաբերվում է մշակույթին, մեր ժողովուրդը փայփայում և գնահատում է: Հայոց ցեղասպանության ժամանակ մեր պապերն իրենց հետ փորձում էին փրկել ոչ թե իրենց ունեցվածքը, այլ հայ ժողովրդի ձեռագրերը, քանի որ համոզված էին, որ հենց դա է ապահովելու մեր ազգի գոյատևումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին՝ մեր երկիրը մշտական ուշադրության կենտրոնում պահելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Վարչապետն անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿO-ի շրջանակներում Ադրբեջանի պահվածքին՝ նշել է, որ վերջինս այդ հարթակն օգտագործում է ոչ թե երկխոսության, այլ քարոզի համար, միաժամանակ փորձում է վարկաբեկել Հայաստանին: «ՅՈՒՆԵՍԿO-ն պետք է հանդիսանա որպես երկխոսության հարթակ: Ադրբեջանի այդ քայլերը պետք է կանխել»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի կողմից Նախիջևանում բարբարոսաբար ավերվել են հայկական բազմաթիվ խաչքարեր, ինչը քաղաքակիրթ մարդկանության նկատմամբ իրականացված հանցագործություն է:
Այս համատեքստում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները կարևորել են երկխոսության հաստատումը և նշել, որ մշակութային ժառանգության պահպանման քաղաքականությունը շարունակելու է գտնվել կառույցի ուշադրության կենտրոնում: ՅՈՒՆԵՍԿO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչև Էնդիգան շնարհակալություն է հայտնել մեր երկրին՝ մշակութային ժառանգության արժեքների պահպանմանը հավատարիմ մնալու և սերտ համագործակցության համար:
Այնուհետև, զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Երևանը՝ 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերին և միջոցառումներին: