հինգշաբթի, 15 փետրվարի 2001
Փետրվարի 15-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գ.Մարտիրոսյանը:
Հանձնաժողովը քննարկեց մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում 2000 թվականի ընթացքում կատարված աշխատանքների նախնական արդյունքները: Մասնավորապես՝ անցյալ տարվա ընթացքում 36 երկրներից, 147 կազմակերպությունների հասցեով բարեգործական ծրագրերի շրջանակներում հանրապետություն են ներմուծվել շուրջ 41 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ, որոնց շուրջ 44 %-ը առողջապահության բնագավառի բեռներ են, իսկ 26.3%-ը՝ սննդամթերք:
Հանրապետությունում գրանցված 89 կազմակերպություններ իրականացրել են երկարաժամկետ ծրագրեր, որոնց շրջանակներում, մասնավորապես, կառուցվել և վերակառուցվել է 557 բնակարան, կառուցվել է 30 ջրագիծ և վերանորոգվել՝ 42-ը, կառուցվել է 9 դպրոց, վերանորոգվել՝ 63-ը, բարեգործների կողմից համաֆինանսավորվել է 16 դպրոցի շինարարություն, կառուցվել է 2 բուժկետ, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 21 բուժհաստատություններում:
Հանձնաժողովի անդամների կողմից արվեցին առաջարկություններ ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դոնորների և ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների համագործակցությունը բարելավելու ուղղությամբ:
Հանձնաժողովը հաստատեց 2001 թվականի ընթացքում իրականացվող 7 բարեգործական ծրագիր: Դրանց թվում են ԱՄՆ-ի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող ավանդական բազմաբնույթ ծրագրերը, Ամերիկայի հայկական համագումարի Երևանի մասնաճյուղի, «Ֆրանսիական ժողովրդական աջակցություն» կազմակերպության կողմից իրականացվող՝ երաշտից տուժած անապահով ընտանիքներին աջակցության, Կաթոլիկ օգնության ծառայության հայաստանյան գրասենյակի կողմից Սյունիքի մարզի 7 դպրոցների վերանորոգման, Հայաստանի հրեական կրոնական համայնքի և այլ կազմակերպությունների ծրագրերը:
Նիստում քննարկվեցին նաև առանձին կազմակերպությունների հասցեով բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր: