շաբաթ, 28 ապրիլի 2012
Գործարկվել է վճարումների պետական` e-payments.am էլեկտրոնային համակարգը
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը «Նորարություն, մրցունակություն և տնտեսական աճ» թեմայով համաժողովի ընթացքում ներկայացրել է Վճարումների պետական էլեկտրոնային համակարգը, որը գործարկվել է ապրիլի 28-ին: Էլեկտրոնային կառավարման նոր գործիքը հնարավորություն կտա քաղաքացիներին իրենց պետական վճարումները կատարել էլեկտրոնային եղանակով և բանկային Arca ու Master քարտերի միջոցով:
«Ընդհանուր առմամբ համակարգում ներառված են 1500 տեսակի վճարումներ՝ տուգանքներ, պետական տուրքեր, ծառայությունների վճարներ և այլն: Երևանի, Գյումրու և Վանաձորի քաղաքապետարանները ևս իրենց տեղական վճարումները կկազմակերպեն այս համակարգով»,- ասել է Դավիթ Սարգսյանը: Կառավարության աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ այս համակարգի ներդրման արդյունքում էապես կնվազեն նաև գանձնվող միջնորդավճարները. օրինակ 2-3 հազար դրամանոց վճարման դեպքում որպես միջնորդավճար քաղաքացուց կգանձնվի ընդամենը 3-5 դրամ:
Վճարումների պետական էլեկտրոնային համակարգը քաղաքացիներին հասանելի կլինի e-payments.am հասցեով: