երկուշաբթի, 7 մայիսի 2012
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ Նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնը ստանձնելու, ինչպես նաև Հաղթանակի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ պետության ղեկավարի պաշտոնում Ձեր ընտրվելը կապահովի քաղաքական ուղեգծի շարունակականությունը և ռուսաստանյան հասարակության կայուն զարգացումը: Մաղթում եմ Ձեզ հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացներում նորարարական գաղափարների իրագործում և նախանշած բոլոր նպատակների իրականացում:
Հարգելի պարոն Նախագահ,
Ցանկանում եմ նաև սրտանց շնորհավորել Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ: Ինձ՝ Հայրենական Մեծ պատերազմի մասնակցի զավակի համար առանձնակի թանկ է մեր ժողովուրդների միջև առկա վստահության և փոխօգնության ոգին, որը կոփվել է պատերազմի դաժան տարիների ընթացքում և այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ռազմավարական բնույթը կանխորոշող գործոններից է: Այդ հարաբերությունները լիովին համապատասխանում են մեր ժողովուրդների արմատական շահերին` հանդիսանալով մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման երաշխիքը:
Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ համատեղ աշխատանքի և այն աջակցության համար, որ մշտապես ցուցաբերել եք մեզ»: