ուրբաթ, 30 հունվարի 2004
Այսօր կառավարությունում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթական համակարգի օպտիմալացման խնդիրներին, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, մարզպետներ, մարզերի կրթության ու ֆինանսների վարչությունների ղեկավարներ: Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ քննարկվող ժամանակաշրջանում հիմնականում իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ հանրակրթական համակարգի օպտիմալացման ուղղությամբ: Այդուհանդերձ, առանձին դեպքերում չեն պահպանվել ուսուցիչների կրճատման պարագայում ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափանիշները, որի արդյունքում մոտ 40 կրճատված ուսուցիչ վերականգնվել է իր աշխատանքում: Ընդհանուր առմամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստացվել է աշխատանքից ապօրինի ազատման դեմ շուրջ 700 ուսուցչի բողոք-նամակ: Այդ կապակցությամբ համապատասխան նախարարություններին և մարզպետներին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել տեղ գտած թերությունները վերացնելու համար, ինչպես նաև համատեղ քննարկել կրճատված ուսուցիչներին օժանդակություն ցուցաբերելու հարցը և առաջարկություններ ներկայացնել կառավարություն:
ՀՀ մարզպետների կողմից բարձրացվել են հիմնականում գյուղական թերբեռնված դպրոցների ֆինանսավորման հետ կապված հարցեր, որոնց լուծման վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Խորհրդակցության մասնակիցներն ընդգծել են նաև 2004թ. սեպտեմբերից 20-ի փոխարեն 22-ժամյա մանկավարժական դրույքաչափի անցումն ապահովելու ուղղությամբ հետևողական նախապատրաստական աշխատանքների կատարման անհրաժեշտությունը: