հինգշաբթի, 5 փետրվարի 2004
ՀՀ վարչապետ, «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր Ծաղկաձորում, որտեղ այս օրերին անցկացվում է «Բազե- ձմեռ 2004» երիտասարդական հավաքը, հրավիրել է Հոգաբարձուների խորհրդի նիստ: Քննարկվել է Հիմնադրամի 2003թ. գործունեության հաշվետվությունը, որը գնահատվել է բավարար: Քննարկվել են նաև 2004թ. Հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրերը:
«Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը զեկուցել է, որ Հիմնադրամի կողմից 2003թ. ընթացքում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները հիմնականում կատարվել են: «Բազե- 2003» համահայկական երիտասարդական հավաքի և այլ ծրագրերի իրականացման համար ծախսվել է ավելի քան 19 մլն դրամ: Բոլոր ծախսումների գծով իրացված ընդհանուր գումարը կազմել է 50 մլն 704 հազար դրամ: Նա նշել է, որ 2004թ.-ին ևս Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու Հայրենիքի, Արցախի և Սփյուռքի երիտասարդության կապերի ամրապնդմանը, երիտասարդական քաղաքականության և ծրագրերի միջազգային ինտեգրմանը, երիտասարդության վերաբերյալ պետական քաղաքականության մշակմանն ու զարգացմանը: Մասնավորապես, այս տարի նույնպես համագործակցելով Համահայկական երիտասարդական հիմնադրամի հետ, կենտրոնը կմասնակցի «Բազե-ձմեռ 2004» և «Բազե- 2004» ամառային երիտասարդական հավաքներին՝ ապահովելով սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունը, կկազմակերպի Համահայկական երիտասարդական 2-րդ համաժողովը, երիտասարդության և հանրության առջև ծառացած տարբեր մարտահրավերներին նվիրված միջազգային երիտասարդական համաժողով ԼՂՀ-ում, աշխատանքներ կտանի Սփյուռքում գործող հայկական բարեգործական կառույցների հետ՝ կապերի հաստատման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:
Նիստում որոշում է ընդունվել Հիմնադրամի Ծաղկաձորի համալիրը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին:
Քննարկվել են նաև կազմակերպական և այլ հարցեր: