Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 18 հունիսի 2012

Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին





Վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Անդրադառնալով կառավարությունում նոր նախարարների նշանակման հարցին` վարչապետը մասնավորապես նշել է. «Տեղյակ եք, որ Ազգային Ժողովի ընտրություններից հետո ՀՀ սահմանադրության 74-րդ հոդվածի համապատասխան ձևավորվում է նոր կառավարություն, որն Ազգային Ժողովին է ներկայացնում իր ծրագիրը: Ընտրությունների արդյունքում տեղի են ունեցել փոփոխություններ: Մասնավորապես, մենք ձևավորում ենք նոր կառավարություն նոր ֆորմատով: Այդ տրամաբանության ներքո էլ երկու կոալիցիոն կուսակցություններն ըստ ստորագրված կոալիցիոն համաձայնագրի ձևավորում են նոր կառավարություն»:
Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Գագիկ Բելգարյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Տրանսպորտի և կապի նախարարությունն այս տարիների ընթացքում ներքաշվել է բավականին լուրջ գործառույթների մեջ: Առաջինը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունն է, որն իրականացնում ենք Ասիական բանկի վարկային միջոցների հաշվին: Այս տարի մեկնարկելու են մեծածավալ շինաշխատանքները և այն մրցույթները, որոնք անցկացվել են՝ ի հայտ են բերել խոշոր եվրոպական կազմակերպությունների, որոնք Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կառուցելու են եվրոպական լավագույն ճափանիշներին համապատասխանող ճանապարհ: Երկրորդ կարևորագույն գործառույթը՝ համագործակցությունն է Համաշխարհային բանկի հետ, որտեղից մենք ստանում ենք մեծածավալ վարկային միջոցներ՝ նպատակ ունենալով ՀՀ-ում էապես բարելավել ինչպես հանրապետական նշանակության, այնպես էլ միջհամայնքային ճանապարհների վիճակը: Հաջորդ ուղղությունը՝ հեռահաղորդակցության ոլորտում թվայնացման նոր ծրագիրն է: Հեռահաղորդակցության ոլորտում պետք է կարողանանք իրականացնել եվրոպական նոր պահանջներին համապատասխան թվայնացում, առանց որի հնարավոր չի լինելու ապահովել որակյալ հեռարձակում: Կարելի է թվարկել մնացած ծրագրերը ևս, սակայն ես սահմանափակվում եմ այս ծրագրերով, որովհետև սրանք այն խոշոր ծրագրերն են, որոնք ՀՀ-ի մասշտաբով ունենալու են էական ազդեցություն մեր բոլոր ցուցանիշների վրա: Այդ առումով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մանուկ Վարդանյանին կատարած աշխատանքի համար: Այս պատասխանատվությունը, որ նա վերցրել էր իր վրա, արժանապատիվ կերպով մեզ հետ միասին կարողացել է կրել: Տեսնում ենք, որ նախարարությունում ձևավորվել է բավականին լուրջ ներուժ՝ բոլոր ծրագրերն ի կատար ածելու համար:
Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհավորել պարոն Բեգլարյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հայտնել իմ համոզմունքը, որ նա կկարողանա սահուն կերպով ապահովել աշխատանքների շարունակականությունը: Այն ծրագրերը, որոնք սկսել ենք, կհասցվեն տրամաբանական ավարտին»:

ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Նրա աշխատանքային փորձը և գիտելիքները համապատասխանում են այն պահանջներին, որոնք դրվում են նախարարի առջև: Այդ տեսակետից, ցանկանում ենք նրան բեղմնավոր աշխատնք: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վարդան Վարդանյանին համատեղ աշխատանքի համար: Ես բարձր եմ գնահատում պարոն Վարդանյանին և որպես մասնագետ, և որպես նախարար, և որպես գործընկեր, որի հետ այս տարիների ընթացքում անցել ենք լուրջ փորձությունների միջով:
Համոզված եմ, որ նախարարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այս փոփոխությունը լինի սահուն և որպեսզի նորանշանակ նախարարը կարողանա սահուն կերպով անցնել իր պարտականությունների կատարմանը:
Այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել նախարարության կողմից: Մենք ձեզ հետ միասին կարողացել ենք իրականացնել մեր պետության պատմության մեջ ամենամեծածավալ շինաշխատանքը: Աղետի գոտում իրականացվել են 250 մլն դոլարի շինաշախատանքներ, ինչի արդյունքում շուրջ 6000 անօթևան ընտանիքներ բնակարաններ կստանան պետության կողմից: Ըստ էության, դրանով իսկ աղետի գոտում կատարվեց որակական փոփոխություն: Նախարարության առջև այսօր կանգնած են նոր խնդիրներ, մասնավորապես, շինարարության որոլորտւմ անհրաժեշտ է ներդնել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան գործառույթներ, այդ մշակույթը հաղորդել բոլոր շինարարական կազմակերպություններին, էապես ուժեղացնել քաղաքաշինական վերահսկողությունը: Սա այն խնդիրն է, որը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Հանրությունն արդարացիոներն ներկայացնում է նոր և ավելի խիստ պահանջներ և այս փուլում մենք պարտավոր ենք իրականացնել հենց այդպիսի փոփոխություններ»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտեմ Աաստրյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանն ասել է. «Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել Արթուր Գրիգորյանին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: Ես բարձր եմ գնահատում պարոն Գրիգորյանին՝ որպես մարդու, նախարարի, և կարծում եմ՝ կիսում եք իմ այն տեսակետը, որ նրան հաջողվեց իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք դրված էին նախարարության առջև: Այդ առումով դա գնահատելի հանգամանք է: Ես Արթուր Գրիգորյանին համարում եմ լավագույն նախարարներից մեկը:
Արտեմ Ասատրյանին դուք շատ լավ գիտեք, որովհետև նրա քաղաքական և մասնագիտական կարիերան ձեր աչքերի առջև է իրականացել: Նա մեր հմուտ և լավագույն մասնագետներից մեկն է, ով իր աշխատանքով ապացուցել է, որ կարող է դժվար խնդիրներ վերցնել իր վրա և արժանմապատվորեն լուծել դրանք: Ցանկանում եմ Արտեմ Ասատրյանին բեղմնավոր աշխատանք:
Սոցիալայկան ոլորտն այսօր ամենակարևոր ոլորտն է ՀՀ-ում, քանի դեռ լուծված չէ աղքատության հիմնախնդիրը, քանի դեռ մենք ունենք ժամանակակից բարձր վարձատրությամբ աշխատատեղերի պահանջ: Հասկանալի է, որ սոցիալական խնդիրները բազմազան են: Այս ոլորտի աշխատանքով է նաև շատ հաճախ պայմանավորված լինում կառավարության և իշխանությանությունների նկատմամբ վերաբերմունքը: Մենք ձեզ հետ միասին ունենք լուրջ անելիքներ: Եթե մենք թվարկենք բարեփոխումների մեր օրակարգը, ապա պարզ կդառնա, թե ինչ մեծածավալ աշխատանք է սպասվում ձեզ: Նոր կենսաթոշակային բարեփոխումներն աշխարհում համարվում են ամենաբարդն ու ծավալունը, որովհետև այն առնչվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների հետ: Ինտեգրացված սոցիալական ծառայության ներդրումն էապես բարձրացնելու է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը: Հաշմանդամների համար պետք է հնարավորություն ստեղծենք ինտերգրվել հասարակական կյանքին, մարդկային կյանքի դրսևորման համար էլ պետք է ստեղծենք համապատասխան միջավայր և այլն:
Համոզված եմ, որ նախարարությունում ձևավորված կոլեկտիվը կերաշխավորի սահուն անցումը: Այս փոփոխությունները կլինեն առանց ցավի և Արտեմ Ասատրյանը կարճ ժամանակահատվածում կառավարման ղեկը կվերցնի իր փձեռքը և մեր ծրագրերը կիրականացվեն, որպեսզի մեր առջև ծառացած սոցիալական բոլոր ծրագրերն արդյունավետ կերպով լուծենք»:

ՀՀ առոջղապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Համոզված եմ, որ ձեզանից շատերը լավ ճանաչում են Դերենիկ Դումանյանին, որովհետև նա առողջապահության ոլորտում հայտնի մարդ է, և իր անցած ուղով ու գիտելիքներով վայելում է համակարգի մասնագետների վստահությունը, ինչը կարևոր հանգամանք է: Միևնույն ժամանակ, պարոն Դումանյանը նաև քաղաքական գործիչ է, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ և լավ պատկերացումներ ունենք նրա կազմակերպչական ու մասնագիտական ունակությունների վերաբերյալ: Պարոն Դումանյանը կկարողանա ղեկավարել առողջապահության համակարգը: Մաղթում եմ նրան բեղմնավոր աշխատանք:
Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Քուշկյանին, ով վարչապետի թույլտվությամբ այսօր բացակայում է հանրապետությունից, նրա կատարած աշխատանքի համար:
Մենք առողջապահության ոլորտում սկսել ենք բարեփոխումների նոր փուլ, որը բավականին բարդ փուլ է: Այն առաջին հերթին վերաբերում է ֆինանսական մեխանիզմների կատարելագործմանը, շուկայական մեթոդների ներդրմանը, հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը: Ունենք համակարգն արդիականացնելու ծրագրեր: Այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել այս ոլորտում, բոլոր մարզերում կառուցել ենք ժամանակակից հիվանդանոցներ և դա մեր բնակչությունը, բնականաբար, գնահատում է:
Այս տարիների համար երկու կարևորագույն խնդիր է դրվում առողջապահության համակարգի առջև. առաջինը՝ ծառայությունների որակը պետք է կտրուկ բարելավվի, իսկ դա նշանակում է ոչ միայն ժամանակակից սարքավորումներ, շինարարական աշխատանքներ, այլև պրոֆեսիոնալ բուժսպասարկող անձնակազմ, պրոֆեսոինալ բժիշկներ, որոնք պետք է հնարավորություն ունենան աշխարհի լավագույն բուժհիմնարկներում անցնել վերապատրաստում և այդ ծառայությունները դարձնեն մեր հասարակության համար հասանելի:
Երկրորդ, մեր քաղաքացիները պետք է կարողանան օգտվել այս ծառայություններից: Գաղտնիք չէ, որ դեռևս այնպիսի վիճակ է, որ շատ հաճախ մեր քաղաքացիները խուսափում են դիմել առողջապահական հիմնարկներին, քանի որ չունեն ֆինանսական բավարար միջոցներ: Այս տարիների ընթացքում մեր գերակա խնդիրն է լինելու առողջապահական ծառայությունները բոլոր քաղաքացիների համար հասանելի դարձնելը: Կառավարության նոր ծրագիրը թիրախավորում է հենց այս խնդիրը: Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է լինի պատճառ, որպեսզի մեր քաղաքացիները չստանան առաջին անհրաժեշտության բուժսպասարկման ծառայությունները:
Համոզված եմ, որ պարոն Դումանյանի փորձը և գիտելիքները կօգնեն մեզ
արդյունավետ կերպով իրականացնել այս փոփոխությունները»:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Պարոն Ռոստոմյանը սպորտի ասպարեզում հայտնի գործիչ է: Տեղյակ եք, որ նա անցել է մարզիկի դժվարին ճանապարահ՝ ունենալով հաջողություններ: Նա հանդես է եկել նաև կազմակերչական ունակություններով, ունի համապատասխան մասնագիտական որակավորումներ: Այս ամենը վկայում է, որ պարոն Ռոստոմյանը կարող է ստանձնել նախարարի պարտականությունները: Չնայած երիտասարդ է, սակայն ունի մեծ փորձառություն այս բնագավառում և դա հույս է ներշնչում, որ ոլորտի առջև դրված խնդիրներն ի վիճակի կլինի ի կատար ածել:
Այսօր սպորտի ասպարեզում թիվ մեկ խնդիրը հետևյալն է. մենք պետք է ֆիզիկական կուլտուրան Հայաստանում դարձնենք մասսայական, որպեսզի հայ քաղաքացին իր կյանքը չպատկերացնի առանց սպորտի: Համոզված եմ, որ պարոն Ռոստոմյանն ի վիճակի է ձեզ հետ միասին այս խնդիրը լուծել:
Նա քաջատեղյակ է երիտասարդներին մտահոգող խնդիրներից և այդ ասպարեզում, կարծում եմ, նրա ղեկավարությամբ կունենանք առաջընթաց:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արթուր Պետրոսյանին՝ կատարած աշխատանքի համար: Այս դժվար տարիներին նրա հետ միասին կարողացել ենք համակարգում իրականացնել միջոցառումներ՝ հաճախ չունենալով հնարավորություններ: Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ վերջին շրջանում սպորտի ասպարեզում արձանագրել ենք լուրջ նվաճումներ և առաջընթաց: Այստեղ մեծ է նաև պարոն Պետրոսյանի անձնական ներդրումը»:

Նախկին և նորանշանակ նախարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին գնահատականների և ցուցաբերած վստահության համար։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ