Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 18 հունիսի 2012

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Կառավարության անդամներին ողջունել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Գործադիրի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքն ամբողջությամբ ներկայացվում է ստորև.

«Մեծարգո Նախագահ, հարգելի գործընկերներ,
Մինչև ծրագրի հակիրճ ներկայացումը առաջին հերթին ցանկանում եմ նորանաշնակ կառավարության անդամների և իմ անունից շնորհակալություն հայտնել Հանրապետության Նախագահին բարձր վստահության համար և հավաստիացնել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացնենք, պարոն Նախագահ, Ձեր վստահությունը և մեր ժողովրդի սպասելիքները:
Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության հիմնադրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված, նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները: Կառավարության ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետությունը պարտավոր է մարդու համար ստեղծել արժանապատիվ ապրելու և արարելու լավագույն հնարավորությունները: Վերջին մարտահրավերները մեզ ստիպեցին նախ և առաջ ամրապնդել այդ հնարավորությունների ամրապնդման համար պետականության հիմքերը:
Այժմ շեշտադրելու ենք մեր գործողությունների արդեն իսկ ակնառու երկրորդ ուղղությունը` պետական ինստիտուների հնարավորություններն ուղղելու մարդուն, հասարակության յուրաքանչյուր անդամին:
Վերջին տարիները մեր պետության համար նոր մարտահրավերների և բարդ փորձությունների հաղթահարման ժամանակաշրջան էր: Այդ ընթացքում մենք կարողացանք՝
- էապես մեղմել ներքին քաղաքական պառակտվածության և անհանդուրժողականության դրսևորումները,
- երկրի բնականոն կյանքը զերծ պահել մեր հարևանությամբ ընթացող պատերազմական գործողություններով պայմանավորված ցնցումներից,
- բանակաշինությամբ և ակտիվ արտաքին քաղաքականությամբ ապահովել մեր երկրի անվտանգությունը՝ ամրապնդելով մեր կողմից պարտադրված խաղաղության երաշխիքները,
- մեղմել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տնտեսական հետևանքները և ձևավորել ավելի տարազանված (դիվերսիֆիկացված) տնտեսություն,
- ֆինանսատնտեսական ճգնաժամի սուղ պայմաններում բարձրացնել սոցիալական նպաստները, թոշակներն ու աշխատավարձերը՝ մեղմելով ճգնաժամի սոցիալական հետևանքները,
- էապես բարձրացնել ԱՊՀ-ի տարածքում գործընկերների հետ հարաբերությունների մակարդակն ու լրջորեն ընդլայնել համագործակցության դաշտը,
- Եվրամիության հետ սկսել խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունները,
- զգալիորեն հեշտացնել պետության կողմից անձանց մատուցվող բազմաթիվ ծառայությունների ստացումը:
2008 թվականին մենք նախաձեռնեցինք լայնամասշտաբ բարեփոխումների նոր փուլ, որը ներառում է հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտները: Արտաքին մարտահրավերների բացասական հետևանքների հաղթահարումը մեզանից խլեց զգալի ռեսուրսներ, որի արդյունքում բարեփոխումների մի մասը դեռևս չի հասել իր տրամաբանական ավարտին: Այժմ մեր խնդիրն է բարեփոխումների առաջին արդյունքները ձևափոխել կայուն և հարատև ինստիտուցիոնալ հարաբերությունների, դրանք դարձնել բոլորի համար շոշափելի և տեսանելի: Յուրաքանչյուր ոք պետք է տեսնի և զգա կառավարության կողմից իրականացվող փոփոխությունների արդյունքները: Յուրաքանչյուր ոք պետք է ունենա ինքնադրսևորման և ինքնաիրացման բոլոր հնարավորությունները:

Կառավարության ծրագիրը հիմնված է լինելու հետևյալ 3 գերակայությունների վրա՝
Գերակայություն 1. Տնտեսության մրցունակության բարձրացում՝ որպես երկարաժամկետ կայուն աճի գլխավոր պայման:
Այդ առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- բիզնես և ներդրումային միջավայրերի շարունակական բարելավում,
- նորարարական տեխնոլոգիաների ներգրավվածության ընդլայնում,
- հավասար մրցակցային պայմանների ապահովում՝ բոլորի համար,
- տնտեսության տարազանման ապահովում` տնտեսության կառուցվածքում արտահանելի հատվածների տեսակարար կշռի ավելացման միջոցով,
- տարածքային համաչափ զարգացում` Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովման և հարմարավետ գյուղի ձևավորման միջոցով,
- տնտեսական աճին միտված և պետական-մասնավոր սերտ գործընկերության վրա հիմնված հասանելի, կայուն, մատչելի, արտադրական ենթակառուցվածքների զարգացում,
- գյուղատնտեսության արդիականացում և ագրոբիզնեսի զարգացմանն օժանդակում,
- գործարարների և քաղաքացիների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության, մատչելիության, ֆինանսական գործիքների բազմազանության ապահովում,
- զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, մասնավորապես, նպատակաուղղված արդյունաբերական քաղաքակա¬նության վարման միջոցով, ինչը թույլ կտա կրճատել Հայաստանի և զարգացած երկրների բնակչության եկամուտների միջև տարբերությունը,
- միջազգային ինտեգրացիայի խորացման միջոցով Հայաստանի տնտեսական գործընկերության ընդլայնում, արտահանման տարբեր շուկաներ մուտքի հնարա¬վորությունների մեծացում` հատկապես կարևորելով ԱՊՀ և Եվրամիություն գործընկերությունը,
- հնարավոր արտաքին շոկերի նկատմամբ տնտեսության դիմադրողականության բարձրացում,
- երկրի տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված համալիր ծրագրերի իրականացում։

Գերակայություն 2. Մարդկային կապիտալի զարգացում:

Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- որակյալ կրթական, առողջապահական և մշակութային ծառայությունների մատչելիության ապահովում,
- աղքատություն և անհավասարություն ծնող պատճառների վերացում՝ սոցիալապես խոցելի և աշխատունակ խավերի համար կրթության և աշխատանքի հասանելիության ապահովման միջոցով,
- նպաստավոր պայմանների ստեղծում՝ հայ հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրու¬թյան ու զարգացման համար,
- հասարակության միջին խավի ընդլայնում` որպես մարդկային կապիտալի զարգացման հուսալի հենք,
- հասարակության սոցիալապես խոցելի և սահմանափակ կարողություններով խմբերին ծառայությունների թիրախային մատուցում,
- արժանապատիվ ծերության ապահովում՝ հասարակության յուրաքանչյուր անդամի համար,
- աշխատատեղերի, կենսագործունեության բարենպաստ միջավայրի, ինքնաիրացման պայմանների առկայության և արդարության ապահովում՝ որպես արտագաղթի կանխարգելման արդյունավետ միջոց,
- մարդու և բնության ներդաշնակ զարգացում,
- սփյուռքի ներգրավվածության մեծացում՝ մարդկային կապիտալի զարգացման գործընթացում։

Գերակայություն 3. Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- հանրային ինստիտուտների ամրապնդում` մարդկային կապիտալի զարգացման, տարբեր ինստիտուտների ներքին և արտաքին փոխգործունեության կանոնակարգման, դրանց գործառույթների կրկնօրինակման բացառման, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ դինամիկ համագործակցության միջոցով,
- պետական կառավարման համակարգում «խաղի կանոններ սահմանելու և որակյալ ծառայություններ մատուցելու» սկզբունքի գերակայության ապահովում,
- հասարակության մեջ արմատավորված արատի` կոռուպցիա ծնող պատճառների վերացում, այդ գործընթացում թափանցիկության բարձրացում` շեշտադրելով կոռուպցիայի դեմ պայքարի «կանխարգելիչ» մոտեցման գերակայությունը,
- պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության յուրաքանչյուր անդամի վստահության բարձրացման ապահովում` հաշվետվողականության, թափանցիկության և պատասխանատվության բարձրացմամբ,
- պետական կառավարման համակարգում մասնագիտական որակների պահանջների բարձրացում և որակյալ մասնագետների ներգրավման հստակ մեխանիզմների ստեղծում,
- այնպիսի հարկային, մաքսային և մրցակցության պաշտպանության համա¬կարգերի ձևավորում, որի պայմաններում Հայաստանի Հանրապետության օրենս¬դրությունը հավասարաչափ և անվերապահորեն կկիրառվի բոլոր տնտեսա¬վարողների նկատմամբ:
Թույլ համաշխարհային պահանջարկը և արտաքին աշխարհի էական անորոշությունները սահմանափակում են արտաքին տնտեսությունից ռեսուրսների ներհոսքի հնարավորությունը: Առաջիկա հինգ տարվա ընթացքում տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումը կունենա Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար առաջնային դերակատարում։ Կառավարությունն այս պայմաններում ակնկալում է արտահանման ծավալների նպատակադրված ավելացմանը հասնել հիմնականում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շնորհիվ, ինչը ենթադրում է ներքին ռեսուրսների համակարգված և արդյունավետ օգտագործում: Կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝
- զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով,
- ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,
- նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,
- նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,
- ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչև 1.8-ի:
- 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսով հասանելիության ապահովում,
- միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի,
- աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով,
- 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով,
- պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով:
Այս բոլոր միջոցառումները և թիրախային ցուցանիշները հիմնված են Հայաստանի Հանրապետության կառավարության, բոլոր նախարարությունների և գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքների և հաշվարկների վրա: Համոզված եմ` մեր համախմբված աշխատանքով այդ բոլոր ցուցանիշները լինելու են իրատեսական: Շնորհակալություն»:

ՀՀ կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագիրը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Նիստում ընդունվել է նաև ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության վերաբերյալ որոշումը: Որոշման համաձայն` կառավարությունն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ