երեքշաբթի, 10 փետրվարի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի նահանգապետ Վլադիմիր Չուբին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նշելով Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը` վարչապետը դրանց հետագա զարգացման համար կարևորել է նաև Ռուսաստանի Դաշնության առանձին վարչատարածքային մարմինների հետ ուղղակի կապերի հաստատումը: Այդ առումով, ըստ նրա, տնտեսական փոխշահավետ հարաբերությունների խթանումը Ռուսաստանի Հարավային Դաշնային օկրուգի և, մասնավորապես, Ռոստովի մարզի հետ հարաբերությունների զարգացումը առավել հեռանկարայիններից է: Ընդգծելով, որ տնտեսական երկկողմ կապերի ընդլայնմանն այսօր լրջորեն խոչընդոտում է ուղղակի երկաթուղային հաղորդակցության բացակայությունը, Անդրանիկ Մարգարյանը կարևոր է համարել մինչ այդ խնդրի լուծումը բեռնափոխադրումների համար այլընտրանքային ուղիների՝ մասնավորապես, Կովկաս-Փոթի լաստանավային հաղորդակցության հնարավորությունների քննարկումը: Դա, ըստ նրա, կլուծի նաև Հայաստանի և Ռոստովի մարզի միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խնդիրը: Վարչապետը հույս է հայտնել, որ Ռոստովի նահանգապետի և նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման և փոխշահավետ համագործակցության զարգացման համար, ինչին մեծապես կարող է նպաստել նաև Ռոստովի մարզում բնակվող մեծաթիվ հայկական համայնքի հնարավորությունների օգտագործումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պարոն Վլադիմիր Չուբը նույնպես նշել է Հայաստանի և Ռոստովի մարզի միջև առևտրային ու տնտեսական համագործակցության հետագա խորացման, ապրանքաշրջանառության մեծացման անհրաժեշտությունը: Նկատի ունենալով Ռոստովի մարզում բնակվող շուրջ 100 հազարանոց հայ համայնքի գիտական ու տնտեսական ներուժի օգտագործման հնարավորությունը, նահանգապետը կարևորել է, մասնավորապես, Ռոստովում վերջերս հիմնված Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջև կապերի հաստատման, Երևանի Սլավոնական համալսարանի հետ գիտակրթական հարաբերությունների խթանման խնդիրները, որոնք, նահանգապետի հավաստմամբ, այցի նախորդ օրերին քննարկվել են նաև ՀՀ ԳԱԱ-ում ունեցած հանդիպման ժամանակ:
Հանդիպումից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը և ՌԴ Ռոստովի մարզի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Իլյա Ստանիսլավովը ստորագրել են Արձանագրություն՝ ՀՀ կառավարության և ՌԴ Ռոստովի մարզի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքների վերաբերյալ: