երկուշաբթի, 16 փետրվարի 2004
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման (DFID) պետքարտուղարի տեղակալ, խորհրդարանի անդամ Գարեթ Թոմասին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Պարոն Գարեթ Թոմասը նշել է, որ տպավորված է Հայաստանում ընթացող բարեփոխումներից, վերջին տարիներին տնտեսական զարգացման ոլորտում ձեռք բերված նկատելի արդյունքներից, ինչը, նրա խոսքերով, իր հանդիպումների ժամանակ հաստատել են նաև միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրա խնդրանքով նախարար Մանուկ Թոփուզյանը ներկայացրել է մեր երկրում պետական կառավարման, իրավական համակարգերում իրականացվող բարեփոխումների, Կոռուպցիայի դեմ պայքարի, Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրերի ընդունման և իրականացման ընթացքը, առաջիկա անելիքները: Նա շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ այդ բարեփոխումներին գործուն աջակցություն ցույց տալու համար և հույս հայտնել, որ այդ աջակցությունն առաջիկայում ևս կշարունակվի:
Հանդիպումից հետո ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը և Միացյալ Թագավորության միջազգային զարգացման պետքարտուղարի տեղակալ Գարեթ Թոմասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև բրիտանական տեխնիկական աջակցության վերաբերյալ, որը կուղղվի հանրային ոլորտի, առողջապահության, գիտության և կրթության, սոցիալական, քաղաքացիական ծառայության բնագավառների, տարածաշրջանային զարգացման ծրագրերի հետագա խթանմանը և բարեփոխումներին: