հինգշաբթի, 19 փետրվարի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հարավարևելյան Եվրոպայի և Անդրկովկասի տարածաշրջանային տնօրեն Օլիվյե Դեկամպին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նշելով, որ ՀՀ կառավարության աշխատանքի շնորհիվ երկրի տնտեսության մեջ վերջին տարիներին զգալի առաջընթաց է արձանագրվել, պարոն Դեկամպը տեղեկացրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեությունը Հայաստանում ավելի ակտիվացնելու մտադրության մասին, ընդգծելով, որ իր գլխավորած պատվիրակության այս այցը հենց այդ նպատակն ունի: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մինչ այժմ մեր երկրում Եվրոբանկի իրականացրած ծրագրերին և առաջիկա անելիքներին: ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է, թե ի՞նչ ոլորտներում է ՀՀ կառավարությունը տեսնում բանկի աջակցությունը և պատրաստակամություն է հայտնել նշված մի շարք բնագավառներում՝ մասնավոր հատված, փոքր ու միջին ձեռնարկատիրություն, բանկային համակարգ, էներգետիկա, այդ թվում՝ փոքր ՀԷԿ-եր և էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծում, խմելու և ոռոգման ջրի համակարգեր, քննարկել աջակցության հնարավորություններն ու ակտիվ գործունեություն ծավալել: