ուրբաթ, 16 փետրվարի 2001
Փետրվարի 17-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի պետնախարար Գեորգի Արսենիշվիլիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Վրաստանի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Մերաբ Ադեիշվիլին, ֆինանսների նախարար Զուրաբ Նոգաիդելին, հարկային ծառայության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Չիկվիլաձեն, մաքսային ծառայության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Գաչեչիլաձեն, Սամցխե-Ջավախեթիի մարզպետ Գիգլա Բարամիձեն, Վրաստանի փոխարտգործնախարար Մերաբ Անտաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Գիվի Շուգարովը, Վան Բայբութը, Նինոցմինդայի շրջանի տեղական ինքնակառավարման ղեկավար Ռաֆիկ Արզումանյանը, Ախալքալակի շրջանի տեղական ինքնակառավարման ղեկավար Արտուշ Համբարձումյանը: Պատվիրակությանը ուղեկցում են լրագրողներ:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո նախատեսվում է նաև պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպում:
Քննարկվելիք թեմաները կվերաբերեն վերջին մի քանի տարիներին կուտակված և համատեղ լուծում պահանջող մի շարք հարցերի, որոնք առնչվում են տրանսպորտի, ֆինանսների, գազամատակարարման և էլեկտրաէներգետիկայի, սահմանամերձ առևտրի և այլ ոլորտների, ինչպես նաև հայ-վրացական դարավոր բարեկամության և գործընկերության ամրապնդմանն ու զարգացմանը: