հինգշաբթի, 18 մայիսի 2000
Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստ, որը վարում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Կառավարությունը հավանություն տվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կոչված է հանրապետությունում պաշտպանել տնտեսական մրցակցությունը, ի նպաստ ձեռնարկությունների զարգացման և սպառողների շահերի պաշտպանության՝ բարեխիղճ մրցակցության անհրաժեշտ միջավայր ապահովել: Այդ նպատակով մասնավորապես նախատեսվում է ստեղծել մրցակցության պաշտպանության մարմին, որի անդամներին վարչապետի ներկայացմամբ նշանակում է նախագահը՝ հինգ տարի ժամկետով: Այս օրենքը Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու անհրաժեշտ պայմաններից է:
Երկրի ներքին արտադրության պաշտպանությանն է միտված նաև նիստում քննարկված «Հակագնագցման /հակադեմփինգային/ և փոխհատուցման միջոցների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով սահմանվում են գնագցումը, լրավճարը /սուբսիդիան/, հանրապետության արտադրական ոլորտին վնաս հասցնող ապրանքների ներմուծման նկատմամբ հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման կանոնները:
ՀՀ տարածք ապրանքների ներմուծման նկատմամբ ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների կիրառման կանոններն են սահմանվում կառավարության քննարկած մեկ այլ՝ «ներքին շուկայի պաշտպանության մասին ՀՀ օրենքի» նախագծում:
Կառավարությունը հավանություն տվեց նշված երեք օրենքների նախագծերին, որոնք կներկայացվեն ԱԺ:
Քննարկվեց Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև ստորագրված սննդամթերքի անվճար առաքման մասին հուշագրին համապատասխան հանրապետություն ներկրված ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման կարգը:
Կառավարության որոշմամբ փոփոխություն մտցվեց «ՀՀ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» որոշման մեջ, որով առևտրական գործունեություն իրականացնող կրպակների /տաղավարների/, վրանների և ուղղակիորեն առանձնացված համանման այլ տարածքների համար հսկիչ դրամարկղերի ներդրմանժամկետը երկարացվեց մինչև 2000թ. հոկտեմբերի 1-ը:
Մեկ այլ որոշմամբ 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ի շենքում տեղի ունեցած ոճրագործության զոհերի շիրմաքարերի պատրաստման, տեղադրման և գերեզմանների բարեկարգման աշխատանքների կատարման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից զոհվածների ընտանիքներին կհատկացվի 3 միլիոնական դրամ:
Նիստի վերջում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարեց այսօրվանից իսկ լրջորեն զբաղվել գյուղացիներից բերքի մթերման նախապատրաստական աշխատանքներով: Հանրապետոթւյունում այս տարի սպասվում է առատ բերք, և խնդիր է դրված չկրկնել անցյալ տարվա նախադեպը, պայմաններ ապահովել գյուղարտադրանքի իրացման համար: