Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 24 սեպտեմբերի 2012

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ

Ազգային ժողովի հարգարժան նախագահ,
Հարգելի նախագահող,
Հարգելի գործընկերներ,

Ձեզ եմ ներկայացնում 2011 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքները և հիմնական մի քանի շեշտադրումներ բյուջեի կատարողականի վերաբերյալ: Հետագայում իմ գործընկերներն ավելի մանրամասն` թվերով կներկայացնեն 2011 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը և կպատասխանեն պատգամավորներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Պետական բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս նախ կարևոր է տնտեսության այն ընդհանուր միջավայրը, որի ներքո իրականացվել է բյուջեի կատարումը, և երկրորդ՝ այն տնտեսական արդյունքները, որոնք հնարավոր է եղել բարելավել հենց նպատակադրված հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ: 2011 թվականն այդ տեսակետից կարելի է բնութագրել որպես տնտեսական վերականգնումն ամրապնդող տարի, քանի որ 2010 թվականի ընթացքում ձևավորված միտումներն ընդհանուր տնտեսական ցուցանիշի միջավայրի տեսակետից լուրջ մարտահրավերներ էին մեր առջև դրել, և 2011 թվականի արդյունքները մեզ հնարավորություն են տալիս արձանագրել, որ մեզ հաջողվեց մտնել վերականգնման փուլ:
Ինչպես գիտեք, 2010 թվականի վերջում առաջարկի մի շարք գործոնների ազդեցությամբ ձևավորվել էր բարձր գնաճային միջավայր. տարեվերջին մենք արձանագրել էինք 9.4 տոկոս գնաճ, և այդ գնաճային բացասական միջավայրը, որը բնորոշ չէր Հայաստանին, քանի որ Հայաստանը մինչճգնաժամային տարիներին ապահովում էր մինչև 3 տոկոս գնաճը, և եռապատիկ ավելի բարձր գնաճային ճնշումներն ստեղծում էին լուրջ խոչընդոտներ ինչպես տնտեսական աճի ապահովման համար, այնպես էլ սոցիալական լուրջ հիմնախնդիրներ: Այդ տեսակետից 2011 թվականին մենք, մի կողմից, պարտավորված էինք իրականացնել այնպիսի բյուջետային քաղաքականություն, որը կօժանդակեր գնաճի զսպմանը, բայց, մյուս կողմից, պարտավոր էինք իրականացնել նպատակադրված արդյունաբերական քաղաքականություն, որը պետք է նպաստեր, որպեսզի տնտեսական աճը լիներ շարունակական և կայուն: Այդ առումով մենք կարող ենք արձանագրել, որ 2011 թվականը բեկումնային էր, քանի որ էապես նվազեց գնաճի ցուցանիշը, և մենք ունեցանք տնտեսական աճ, որը 2 անգամ ավելի բարձր էր, քան 2010 թվականին:
Ընդ որում, կարևոր է, որ այդ տարվա ընթացքում էապես հաջողվեց բարելավել հարկահավաքման գործընթացը և հարկեր/ՀՆԱ ցուցանիշը` ստեղծելով հիմքեր, որ նաև 2012 թվականին մենք հնարավորություն ունենանք շուրջ 0.6 տոկոսով ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը մեր կարևորագույն նպատակներից մեկն է:
Տարեկան արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները հիմք են տալիս մեզ ասելու, որ մեզ հաջողվեց հաղթահարել հիմնական մարտահրավերները, և 2011 թվականի մարտ ամսվա ամենաբարձր գնաճային կետից, որը կազմում էր 11.6 տոկոս, տարեվերջին այդ ցուցանիշը կազմեց 4.7 տոկոս: Միևնույն ժամանակ մենք արձանագրեցինք 4.7 տոկոս տնտեսական աճ, որն ավելի քան 2 անգամ գերազանցեց 2010 թվականի աճի ցուցանիշը:
Արդյունաբերությունը 2011 թվականին դրսևորեց բարձր աճի տեմպեր` նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով 13.5 տոկոս աճ: Ընդ որում` վերջինս առաջ անցավ 2010 թվականին ձևավորված 9.2 տոկոս աճի ցուցանիշից` ընդհանուր տնտեսական աճին նպաստելով 2.1 տոկոսային կետով: Արդյունաբերության աճն արդյունք է եղել այն միջոցառումների, որոնք իրականացրել է կառավարությունը` նպատակ ունենալով խթանել արտահանելի հատվածը և միևնույն ժամանակ միջազգային շուկաների բարենպաստ միջավայրը նույնպես նպաստեց, որպեսզի արտահանման ծավալները 2011 թվականին էապես բարելավվեն: Ըստ ենթաճյուղերի` բարձր աճի միայն 8.5 տոկոսային կետը բաժին է ընկել մշակող արդյունաբերությանը՝ այդ թվում սննդամթերքի, խմիչքների, մետաղների արտադրությունում գրանցված բարձր աճի շնորհիվ: 22.5 տոկոս աճ է արձանագրել նաև հանքագործական արդյունաբերությունը և ընդհանուր արդյունաբերության աճին նպաստել է 3.8 տոկոսային կետով:
Արդյունքում 2011 թվականի տարեվերջին արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում կազմել է 16.2 տոկոս մինչճգնաժամային տարվա՝ 2008 թվականի 13.3 տոկոսի դիմաց: Այս ցուցանիշն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Հայաստանում տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա` հօգուտ ավելի արտադրողական ճյուղերի:
Գյուղատնտեսությունում 2010 թվականի աննախադեպ անկումից հետո 2011 թվականին արձանագրվել է 13.7 տոկոս աճ, և տնտեսական աճին գյուղատնտեսությունը նպաստել է 2.3 տոկոսային կետով: Այն կրել է ինչպես բարենպաստ բնակլիմայական պայմանների, այնպես էլ կառավարության կողմից նախաձեռնված գյուղատնտեսության և հատկապես բուսաբուծության խթանմանն ուղղված ծրագրերի ազդեցությունը: Մասնավորապես, տեղյակ եք, որ կառավարությունը 2011 թվականին ձեռնարկեց վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական մթերքների իրացման շղթայի ապահովման, ցորենի և գարու սերմնաբուծության և սերմնարտադրության, օրգանական գյուղատնտեսության զարգացման, տեղական կենսապարարտանյութերի զարգացման, գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման ծրագրեր: Արդյունքում բուսաբուծության աճը կազմել է 26.6 տոկոս` հիմնականում ապահովելով գյուղատնտեսության տարեկան աճի հիմնական մասը: Նման բարձր աճը հնարավորություն ընձեռեց միաժամանակ լուծել երկու խնդիր. առաջինը` մեղմել գնաճային ճնշումները, որոնց մեծ մասը գալիս էր նախորդ տարվա գյուղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետևանքով ձևավորված բարձր գներից, և երկրորդ՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրել եկամուտների աճ և ՀՆԱ-ում ճյուղի մասնաբաժնի վերականգնում: Եվ պետք է փաստել, որ գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում մինչճգնաժամային տարվա՝ 2008 թվականի 16.3 տոկոսից 2011 թվականի վերջին հասավ 20.3 տոկոսի:
Ինչ վերաբերում է ծառայությունների ճյուղին, ապա այս ոլորտում նույնպես արձանագրվել է նախորդ տարվա համեմատ բարձր՝ 5.0 տոկոս աճի ցուցանիշ 2010 թվականի 4.1 տոկոս աճի փոխարեն: Կարելի է նշել, որ վերջինս շարունակել է հանդիսանալ տնտեսության աշխուժացման շարժիչ ուժերից մեկը՝ 4.7 տոկոս աճին նպաստելով 2.0 տոկոսային կետով:
Արտաքին հատվածում ևս դրական ձեռքբերումներ ենք ունեցել: 2011 թվականին խթանելով արտահանելի հատվածի աճը` մենք արձանագրել ենք, որ թե՛ արդյունաբերության, թե՛ գյուղատնտեսության ապրանքների արտահանման ցուցանիշները բարելավվել են: Արտահանման աճն զգալի առաջանցիկ է եղել ներմուծման աճից, և այստեղ աճը կազմել է ավելի քան 34 տոկոս` նպաստելով առևտրային հաշվեկշռի, հետևաբար և ընթացիկ հաշվի հաշվեկշռի բարելավմանը: Ընթացիկ հաշվի պակասուրդը կրճատվել է շուրջ 4 տոկոսային կետով, ընդ որում` սա խոստումնալից ցուցանիշ է, քանի որ զուգորդվել է ավելի շատ արտահանման, այլ ոչ թե մասնավոր տրանսֆերտների մեծացմամբ: Արդյունքում ապրանքների և ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ում տարվա ընթացքում շարունակել է աճել` կազմելով 24 տոկոս, իսկ եթե այն համեմատում ենք մինչճգնաժամային 15.1 տոկոսային ցուցանիշի հետ, ակնհայտ է այստեղ 3 տարիների ընթացքում 8.6 տոկոսային կետով ցուցանիշի բարելավումը:
2011 թվականին իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը կարելի է որակել որպես հաշվեկշռված, քանի որ շարունակվել է բյուջեի պակասուրդի աստիճանական նվազման քաղաքականությունը, մի գործընթաց, որն ապահովում է պարտքի կայունությունը և հարկաբյուջետային կարգապահության ամրապնդմանն է նպաստում: Բայց, մյուս կողմից, մենք արձանագրում ենք, որ հարկաբյուջետային չափավոր կոնսոլիդացված այս քաղաքականությունը չի խոչընդոտել տնտեսության վերականգնմանը:
2011 թվականի պետական բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 2.8 տոկոսը` ծրագրված 3.9 տոկոսի դիմաց, իսկ 2009 թվականի 7.6 տոկոսից նվազել է մոտ 4.8 տոկոսային կետով: Կարևոր է, որ այս ամենը հնարավոր է եղել իրականացնել հարկային եկամուտների բարելավման հաշվին. հարկերը, ներառյալ սոցիալական վճարները նախորդ տարվա նկատմամբ աճել են 11.1 տոկոսով, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվել է 0.4 տոկոսային կետով և կազմել 20.6 տոկոս:
Ինչ վերաբերում է բյուջեի ընդհանուր եկամուտներին, ապա այստեղ աճը կազմել է 12.9 տոկոս, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ ՝ 23.3 տոկոս, որը 0.8 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը և 0.4 տոկոսային կետով` ծրագրված ցուցանիշը հիմնականում ստացված լրացուցիչ դրամաշնորհների հաշվին: Բյուջեի ծախսերը՝ չնայած հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, նախորդ տարվա նկատմամբ աճել են 3.4 տոկոսով: Ընդ որում ծախսերի աճը հիմնականում պայմանավորվել է սոցիալական` առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության ոլորտներին ուղղվող ծախսերի ավելացմամբ (6.9 տոկոս): Այս ծախսերի աճը նպաստել է բյուջեի ծախսերի 3.4 տոկոս աճին 2.9 տոկոսային կետով:
Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել, այլ նաև ավելացնել սոցիալական պաշտպանության համակարգի ֆինանսավորման ծավալները, որի արդյունքում վերջինիս բաժինը ՀՆԱ-ում 2011 թվականին գերազանցեց Կառավարության ծրագրով ամրագրված թիրախը 0.5 տոկոսային կետով` կազմելով 6.7 տոկոս:
Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 2011 թվականին աճեցին 4.9 տոկոսով` հիմնականում պայմանավորված 2010 թվականի նոյեմբերի 1-ից հիմնական կենսաթոշակի չափի բարձրացման (8000 դրամից 10500 դրամ) արդյունքում կենսաթոշակների ծախսերի աճով: 2011 թվականին պետական նպաստների բնագավառում նույնպես փոփոխություններ են իրականացվել, որոնք հիմնականում նպատակ են ունեցել մեծացնել ծրագրերի հասցեականությունը և ապահովել անհրաժեշտ տեղեկությունների առցանց եղանակով ստանալու մեխանիզմների ներդրումը: Որպես կարևորագույն հակակոռուպցիոն ձեռքբերում կարելի է նշել, որ 2011թվականին իրականացված կենսաթոշակային համակարգի ստուգումների արդյունքում հնարավոր եղավ բացահայտել մի շարք չարաշահումներ, որի արդյունքում բարձրացվեց համակարգի նկատմամբ պատասխանատվությունը և հասցեականությունը, ինչպես նաև խնայվեց զգալի ֆինանսական միջոցներ:
Առողջապահության ոլորտում ծախսերն աճել են 12.8 տոկոսով, առաջնահերթություն է հանդիսացել մոր և մանկան առողջության պահպանումը: Շարունակաբար ներդրվել է ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրը, որն ուղղված է կանանց համար առավել մատչելի և իրապես անվճար ծննդօգնության ծառայությունների մատուցմանը: Ծրագրի ներդրման արդյունքում արձանագրվել են դրական միտումներ ինչպես ծառայությունների որակական ցուցանիշների, այնպես էլ մատչելիության բարելավման առումով:
2011 թվականի հունվարի 1-ից առողջապահության ոլորտում ներդրվել է մինչև 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության մատչելիության Երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգը: Ծրագրի նախնական և ընթացիկ գնահատման արդյունքները վկայում են ոչ պաշտոնական վճարների ավելի քան 4-5 անգամ կրճատման մասին:
Կրթության բնագավառում ծախսերն աճել են 8.5 տոկոսով: Ծախսերն ուղղվել են կառավարության 2011 թվականի գերակա խնդիրներ հանդիսացող նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացմանը, հանրակրթական ոլորտի բարեփոխումներին, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացմանը, ինչպես նաև բարձրագույն կրթության բարելավմանը: 2011 թվականին ավարտվել է առանձին գործող ավագ դպրոցների ցանցի ձևավորման գործընթացը: Մասնագիտական կրթության որակի բարելավման նպատակով իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված են եղել աշխատաշուկայի պահանջներին և եվրոպական ստանդարտներին համապատասխան կադրերի պատրաստման կարողությունների հզորացմանը:
Հասկանալի է, որ այս ոլորտներում իրականացված միջոցառումները պետք է համադրվեին գործարար միջավայրի բարելավման բարեփոխումների հետ:
Կառավարության քայլերն ուղղված են եղել՝
առաջին՝ ընկերությունների գրանցման հեշտացմանը. մենք ներդրել ենք «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով ծառայությունների մատուցման կենտրոն, որը հնարավորություն է տալիս այսօր հայաստանում 15 րոպեի ընթացքում գրանցել ձեռնարկություններ, ընդ որում ձեռնարկությունների գրանցումը կարելի է իրականացնել ինտերնետի միջոցով:
Հարկերի վճարման գործում շահութահարկի կանխավճարները և շահութահարկի նվազագույն վճարումները կրճատվել են 8-ով, գույքահարկի և հողի հարկի վճարումները` 2-ով, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունները` 8-ով: Երկարաձգվել է մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարողների մոտ տեսչական ստուգումների արգելքը:
Արտաքին առևտրում համապատասխանության պարտադիր հավաստման գործընթացն իրականացվում է մաքսազերծումից հետո` մինչև իրացնելը: Չափման միջոցների տեսակի հաստատումն իրականացվում է մաքսազերծումից հետո մինչև իրացում կամ շահագործում: Կրճատվել են ծագման երկրի սերտիֆիկատի ստացման գործընթացի համար ծախսվող ժամանակը և ծախսերը: Ներդրվել է մաքսային հայտարա-րագրման էլեկտրոնային համակարգ և մաքսային հսկողության իրականացման ռիսկերի կառավարման համակարգ:
Շինարարության թույլտվությունների ոլորտում ինժեներական uպաuարկում իրականացնող ծառայությունների կողմից տրվող օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները կառուցապատողներին են տրամադրվում ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ համատեղ ճարտարապետահատակագծային առաջադրանք տվողի կողմից:
Պայմանագրերի կիրարկում. ԴԱՀԿ ծառայությունում ներդրվել է աճուրդների իրականացման էլեկտրոնային համակարգ: Ստեղծվել է «ԴատաԼեքս» հանրային տեղեկատվական համակարգը, որը նախատեսված է դատական բնագավառի մի շարք ծառայությունների առցանց տրամադրման համար:
Վարկերի ստացման բնագավառում ՀՀ կենտրոնական բանկն ընդունել է մի շարք իրավական ակտեր, որոնք ուղղված են վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության գաղտնիության ապահովմանը, վարկային բյուրոների լիցենզավորմանը, բարձրացվել է վարկային տեղեկատվության հասանելիությունը:
Ներդրողների պաշտպանության տեսակետից ընդունվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Կառավարության կողմից հաստատվեց 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերություններում Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրման ժամանակացույցը:
Սեփականության գրանցման ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ապահովվել է գույքային իրավունքների պետական գրանցման ընթացակարգերի պարզեցում, հաշվառման (չափագրման) գործառույթի մասնավորեցում, անշարժ գույքի հետ կապված առանձին գործարքների կնքման պար-զեցված ընթացակարգի ներդրում:
Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում 2011 թվականի ընթացքում շարունակվել է ՓՄՁ պետական աջակցության ծրագրի իրականացումը, որի շրջանակում աջակցություն է տրամադրվել 3580 սուբյեկտի: Ապահովվել է Հաշվապահական կենտրոնի գործունեությունը պետական օժանադակության ներքո, որպեսզի ստանդարտ ծառայություններն ավելի ցածր գներով հասանելի լինեն փոքր և միջին ձեռնարկատերերին: Վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է ՓՄՁ զարգացման խորհուրդ, որի նպատակն է բնագավառի մասնակիցների հետ քննարկել ոլորտի ներկայացուցիչներին մտահոգող հարցերը և միջոցառումներ իրականացնել, որոնք էապես կբարելավվեն միջավայրը:
Ենթակառուցվածքների և Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում մենք ավելացրել ենք էլեկտրաէներգիա արտադրելու հզորությունները, ստեղծել ենք նոր ենթակառուցվածքներ, ինչպես նաև վերազինել գործողները:
Տարածաշրջանային ինտեգրման և էլեկտրաէներգետիկ համակարգի տեխնիկական վերազինման շրջանակում իրականացվել են Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման և Հրազդան-Շինուհայր 220 կՎ լարման գործող օդային գծի վերակառուցման աշխատանքներ:
Ջրային տնտեսության շարունակական բարելավումների կողքին կարելի է առանձնացնել նաև առանձին արդյունքներ:
Մասնավորապես,
Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան քաղաքներում կոյուղացանցերի վերանորոգման ծրագրի շինարարական մրցույթների արդյունքում տնտեսված միջոցների հաշվին կառուցված կոյուղագծերը` 11.5 կմ երկարությամբ և իրականացված կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2012 թվականի ընթացքում։
Արփա-Սևան թունելի անհապաղ վերականգնողական աշխատանքների իրականացման համար իրականացվել են շուրջ 3.3 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ և լուծվել են թունելի առավել վտանգավոր հատվածների անվտանգ շահագործման հարցերը։
Իրականացվել են նաև դրենաժների մաքրման և խորացման աշխատանքներ` 432 կմ-ի չափով, մայր կոլեկտորների երկրորդային և երրորդային չորացուցիչների մաքրում և խորացում` 300 կմ-ի չափով, կոլեկտորադրենաժային համակարգերի մաքրում` 130 կմ-ի չափով։
Բարեփոխումներ են իրականացվել տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացում, մասնավորապես, այն պարզացեվել է, ազատականացվել, ինչպես նաև հնարավորություն տվել տեխնիկական զննության անցկացման գործընթացում ապահովել մրցակցային պայմաններ և թույլատրել նոր տնտեսվարողներին մուտք գործել այդ բնագավառ:
2011 թվականին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն աճել է շուրջ 6.2 տոկոսով և կազմել 3 մլն 252 հազար տոննա, այդ թվում` արտահանվող բեռների ծավալն աճել է 30 տոկոսով, իսկ ներհանրապետական փոխադրումներինը` 12.2 տոկոսով, ներկրվող բեռների ծավալը նվազել է 5.2 տոկոսով:
Բջջային կապի օպերատորներ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները մատուցել են 2G, 3G տեխնոլոգիայով ինտերնետ հասանելիության ծառայություններ և 2011 թվականին Հայաստանում առաջին անգամ փորձարկվեց 4G տոխնոլոգիան, և այդ առումով Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրներում: Արդյունքում զգալիորեն աճել է նոր տեխնոլոգիաներով մատուցվող ինտերնետ ծառայություններից օգտվողների քանակը, ծածկույթը, որակը, և նվազել են սակագները: Նշված տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների ծածկույթն այսօր կազմում է շուրջ 99 տոկոս:

Հարգելի գործընկերներ,
Ֆինանսների նախարարությունն ավելի մանրակրկիտ ձեզ կներկայացնի ըստ ոլորտների 2011-ի հաշվետվությունը: Մեր գերատեսչությունների ղեկավարները պատրաստել են մանրակրկիտ վերլուծություններ և հաշվետվություններ, որոնք կներկայացնեն ձեզ և կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Ավարտելով խոսքս, ուզում եմ նշել, որ այս բոլոր դրական միտումները հնարավոր են եղել նաև այն պատճառով, որ մենք կարողացել ենք Ազգային Ժողովի հետ արդյունավետ համագործակցելով իրականացնել նաև այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք բարելավվել են ընդհանուր միջավայրը և հնարավորություն են տվել կատարել 2011 թվականի բյուջեի իրականացումը: Շնորհակալություն ուշադրության համար:


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ