շաբաթ, 17 փետրվարի 2001
Այսօր աշխատանքային մեկօրյա այցով Հայաստան ժամանեց Վրաստանի Հանրապետության պետական նախարար եորգի Արսենիշվիլու գլխավորած պատվիրակությունը:
Վրաստանի պետնախարարը, այցի ծրագրի շրջանակներում, առանձնազրույց ունեցավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, որից հետո կառավարությունում տեղի ունեցավ պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպում: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշեցին, որ առանձնազրույցն անցել է բավականին արդյունավետ, հասցրել են անդրադառնալ օրակարգային բոլոր հարցերին և եկել պայմանավորվածության, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կուտակված մի շարք խնդիրների լուծման համար անհրաժեշտ է կազմել հստակ ժամանակացույց և ամենայն պատասխանատվությամբ վերաբերել դրանց իրագործմանը՝ նախանշված ժամկետներում: Իբրև ժամանակացույցի հստակեցման վերջնաժամկետ նշվել է ս.թ. ապրիլի 1-ը: Այդ ուղղությամբ ակտիվ կգործեն ըստ տարբեր ոլորտների ձևավորված աշխատանքային խմբերը:
Ժամանակացույցը հստակեցնելուց հետո կհրավիրվի հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որը կհաստատի համատեղ աշխատանքի արդյունքը: Նիստը կհրավիրվի Երևանում, քանի որ նախորդն անցկացվել էր Վրաստանի մայրաքաղաքում:
Հայաստանի և Վրաստանի կառավարական պատավիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Երվանդ Զախարյանը հակիրճ ներկայացրեց կուտակված խնդիրները, որոնց լուծման շուրջ պետք է ակտիվորեն աշխատեն երկու երկրները: Բանակցությունների ընթացքում կողմերը նշեցին հայ և վրացի ժողովուրդների դարերով ձևավորված բարիդրացիական և գործընկերային փոխհարաբերությունների խորացման անհրաժեշտությունը, հատկապես կարևորելով տնտեսական կապերի զարգացումը, որը տարածաշրջանային համագործակցության, առևտրա-տնտեսական կապերի հետագա խորացման և ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի ու Վրաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հիմքն է հանդիսանում: Հայաստանի և Վրաստանի նախագահների 2000թ. մարտի 28-ի թբիլիսյան համատեղ հայտարարության մեջ շարադրված սկզբունքների իրագործման նպատակով, վարչապետն ու պետնախարարը որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցին տնտեսության՝ մասնավորապես, տրանսպորտի, ֆինանսնների, գազամատակարարման, էլեկտրաէներգետիկայի, սահմանամերձ առևտրի և այլ ոլորտներում երկու երկրների փոխադարձ շահերից բխող միջոցառումների իրականացման վերաբերյալ: Դրանք տեղ գտան նաև այսօր հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ կոմյունիկեում, որը հանդիպումից հետո ստորագրեցին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու Վրաստանի Հանրապետության պետնախարար եորգի Արսենիշվիլին:
Հանդիպման վերջում, լրագրողների հետ ճեպազրույցում, երկու երկրների կառավարությունների ղեկավարներն ամփոփեցին հանդիպման արդյունքները և պատասխանեցին լրագրոներին հետաքրքրող հարցերին: