չորեքշաբթի, 24 մայիսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված առողջապահության համակարգի ֆինանսավորման խնդիրներին: Խորհրդակցությունը, որին մասնակցում էին առողջապահության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները, կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության և կառավարության աշխատակազմի համապատասխան վարչությունների ներկայացուցիչներ, քննության են առնվել առողջապահության ոլորտում ստեղծված ծանր վիճակն ու հնարավոր ելքերը:
Ըստ առողջապահության նախարարի, առկա վիճակը պայմանավորված է հիմնականում 2 գործոնով՝ նախորդ տարիներին առաջացած և այսօր հրատապ լուծում պահանջող խնդիրներով ու ընթացիկ տարում անկանոն ֆինանսավորման հետևանքով առաջացած խնդիրներով: Համակարգում ծանր ֆինանսական վիճակն առաջին հերթին հարվածի տակ է դրել բուժհիմնարկերի հետագա գործունեությունը, ամիսներով չվճարված աշխատավարձի պատճառով առաջացել է սոցիալական լարվածություն: Ըստ վարչապետի, անհրաժեշտ են ոչ թե հերթական, իրավիճակային, այլ հիմնավոր լուծումներ: Վարչապետը կարևորեց հատկապես առողջապահության ոլորտում բարեփոխումների շարունակելիության, համակարգում կարգապահությունն ուժեղացնելու, առկա միջոցներն արդյունավետ օգտագործելու խնդիրները: Նա հանձնարարեց առաջիկա օրերին հստակեցնել ֆինանսական ներկա վիճակի, առաջացած պարտքերի ամբողջական պատկերը և այսուհետ գործել ոչ թե անիրագործելի ու շռայլ խոստումների, այլ բացառապես եղած հնարավորությունների սահմաններում, և այդ ամենն անել բաց, հրապարակային ու թափանցիկ:
Առաջիկա օրերին այս հարցով կրկին կհրավիրվի խորհրդակցություն, քննարկելու` հանձնարարականների կատարման ընթացքը: