շաբաթ, 13 հոկտեմբերի 2012
Եկել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի սերտ միջտարածաշրջանային համագործակցության ժամանակը. Տիգրան Սարգսյան
Երևանում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» խորագրով: Ֆորումի բացմանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայ-ռուսական տնտեսական միջակառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և այլք:
Կառավարության ղեկավարը, ողջունելով ֆորումի մասնակիցներին, հույս է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ու նոր նախաձեռնությունների մշակմանը:
«Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերային բնույթ: Քաղաքական և տնտեսական երկխոսություն է հաստատվել պետական կառավարման բոլոր մակարդակներում: Այսօր եկել է ավելի սերտ միջտարաշարջանային համագործակցության ժամանակը:
Մեր ֆորումի թեման է միջտարածաշրջանային երկխոսությունը: Կարծում եմ, որ միմյանցից սվորելու որոշ բաներ ունենք: Մեր երկրների տարաշրջանային իշխանությունների երկխոսությունը կարող է առաջարկել այն մեխանիզմները, որոնք կնպաստեն շրջանների զարգացմանը: Մենք պետք է մտածենք միջտարածաշրջանային համագործակցության զարգացման մի շարք հատվածների ուղղությամբ: Պետք է ոչ միայն պահպանենք, այլև ամրապնդենք երկկողմ տեղեկատվական տարածությունը, դիտարկենք երկու երկրների տարածաշրջանային շուկաների առաջարկի և պահանջարկի տվյալների բազայի ստեղծումը՝ համապատասխան բիզնես առաջարկների և ծրագրերի ներկայացմամբ»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է իրականացնել նաև մշտական դիտարկում շուկաներում առկա իրավիճակի վերաբերյալ և տվյալ ժամանակահատվածի համար ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ նվազագույնի հասցնելու բյուրոկրատական, նյութատեխնիկական և վարչական ռիսկերը, որոնք բխում են միջտարածաշրջանային համագործակցությունից:
Վարչապետը հիշեցրել է, որ հոկտեմբերի 12-ին հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը: «Սա համակարգային փաստաթուղթ է, որում առկա են երկկողմ առևտրաշրջանառության և ներդրումային ծրագրերի հավակնոտ աճի տեմպեր, բացահայտվել են երկկողմ տնտեսական համագործակցության բոլոր ուղղությունները: Գտնում եմ, որ միջոցառումների մշակման և իրականացման գործում տարածաշրջանները պետք է ունենան ակտիվ մասնակցություն, ինչը կարող է լավ հարթակ հանդիսանալ հետագա երկխոսության համար: Մենք պետք է մեր երկխոսությունը հասցնենք պրակտիկ գործողությունների, ինչի արդյունքում անպայման կհասնենք այնպիսի արդյունքների, որոնք այդքան անհրաժեշտ են մեր քաղաքացիներին»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Խոսելով տարածքային համաչափ զարգացման վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի կառավարության առաջնայնություններից մեկը տարածաշրջանային ենթակառուցվածքների՝ ճանապարհների, ջրամատակարարման համակարգերի, լոգիստիկ և կրթական կենտրոնների զարգացումն է: «Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի կյանքի որակը գյուղերում չզիջի քաղաքային պայմաններին: Այդ նպատակով սկսել ենք հստակ ծրագրերի իրականացում՝ տարածաշրջանային զարգացման կենտրոնների ստեղծման ուղղությամբ: Գյումրիում ստեղծվում է Տեխնոպարկ, որին կհաջորդի Վանաձորը, Դիլիջանում կառուցվում է ֆինանսական և կրթական կենտրոն:
Մեր շրջաններն ունեն զբոսաշրջության զարգացման չօգտագործված հսկայական ներուժ: Հայաստանի խորհրդային ժամանակաշրջանների առողջարաններն աստիճանաբար վերածվում են լուրջ զբոսաշրջային կենտրոնների, որոնք պատրաստ են ընդունել Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի կարծիքով՝ տարածաշրջանների տրանսպորտային հաղորդակցության ապահովումը պահանջում է ամենօրյա ուշադրություն, քանի որ այն միացնում է երկու երկրները, ստեղծում լավագույն հնարավորություններն ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար: Բացի այդ, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել նաև երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների ներուժի լիարժեք օգտագործումը: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ զարգացումը նոր կապերի հաստատումն է: Մենք պետք է անցնենք զարգացման ճանապարհ՝ մեր տարածաշրջանների միջև առևտրային կապերի հաստատումից մինչև կոոպերացիոն կապերի ստեղծում և զարգացում՝ արդյունաբերական տարբեր ճյուղերի շրջանակում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, զարգացման տեմպերն ու հնարավորությունները:
Համաժողովին մասնակցում են երկու երկրների կենտրոնական եւ տարածաշրջանային իշխանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ռուսաստանի 13 սուբյեկտների, ինչպես նաև Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունները, բացի համաժողովի բուն աշխատանքներին մասնակցելուց, մարզերում հանդիպումներ են ունեցել հայաստանցի գործընկերների հետ, տեղերում քննարկել փոխգործակցության հեռանկարները: Հայաստանի բոլոր մարզերից ևս պատվիրակություններ են մասնակցում միջոցառմանը:
Համաժողովի շրջանակում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր Վայոց ձորի եւ ՌԴ Արխանգելսկի մարզերի, Լոռու մարզի եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության միջև: