Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 հոկտեմբերի 2012

Հսկիչ դրամարկղային նոր մեքենաների ներդրումը բեռ չի դառնա ՓՄՁ-ների համար





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն նախատեսվում է ամսական ԱԱՀ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ների համար սահմանել լրացուցիչ տեխնիկական պահանջներ, որոնք համահունչ կլինեն ժամանակակից ՀԴՄ-ների պաշտպանվածությանը և տեխնիկական հնարավորություններին։ Մասնավորապես, ՀԴՄ կիրառողները գնորդներին կկարողանան մատուցել լրացուցիչ ծառայություններ, որոնցից են վճարման անկանխիկ ընդունումը, հաշվարկային փաստաթղթերի, ինչպես նաև ՀԴՄ կտրոնների միջոցով անցկացվող վիճակահանության վերաբերյալ տեղեկության տրամադրումը։ Ելույթ ունենալով հարցի քննարկման ժամանակ` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս նոր համակարգը ենթադրում է, որ մենք ունենալու ենք միասնական ցանց, օնլայն ռեժիմով կապ պետական եկամուտների կոմիտեի հետ, միջամտության բացառում, որովհետև չիպերը, որոնք տեղադրվելու են ՀԴՄ-ների մեջ, դրանց կոդերը հասանելի են լինելու միայն ՊԵԿ-ի համար, և դա վերաբերելու է շուրջ 60 հազար տնտեսվարողի։ Դա նշանակում է, որ այս նոր ծառայությունը մատուցելու համար մենք պետք է ունենանք մասնագիտացված կառույց, հակառակ դեպքում ՊԵԿ-ն ի վիճակի չի լինի սպասարկել 60 հազար տնտեսվարող սուբյեկտի»։ Վարչապետը ՊԵԿ ղեկավարին հանձնարարել է հաջորդ նիստին ներկայացնել այդ կառույցի ստեղծման որոշման նախագիծ, կառույց, որին լիազորություն կտրվի սպասարկել ամբողջական ցանցը և լինել դրա պատասխանատուն։
«Համակարգը ենթադրում է, որ քարտերով նույնպես մեր քաղաքացիները պետք է կարողանան վճարում իրականացնել, և այդտեղ մեզ անհրաժեշտ է Կենտրոնական բանկի աջակցությունը, որպեսզի ինչպես միջազգային, այնպես էլ մեր կողմից թողարկվող քարտերն այդ համակարգի միջոցով, ՀԴՄ-ների միջոցով ունենան վճարման հնարավորություն»։ Քանի որ այս համակարգի ներդրումը ենթադրում է նաև բավական լուրջ տեխնիկական աշխատանք, Տիգրան Սարգսյանը ՊԵԿ-ին, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ, թե պետությունն ինչպես է օժանդակելու փոքր և միջին բիզնեսին, որպեսզի նրանց համար անցումը լինի անցավ և սահուն։ «Մենք որպես պետություն պարտավոր ենք լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի այդ ծանրության բեռը նրանց վրա չընկնի», - շեշտել է վարչապետը։


Ավարտին կհասցվի կարևոր օբյեկտների շինարարությունը

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և լրացուցիչ ավելի քան 142 մլն դրամ հատկացրել գյուղական և քաղաքային համայնքային նշանակության մի շարք խնդիրների լուծման համար։ Ըստ առաջնահերթության ավարտին կհասցվեն յոթ կրթօջախների` Գեղարքունիքի մարզի Թթուջրի և Վարդաձորի, Շիրակի մարզի Գուսանագյուղի, Սյունիքի մարզի Անգեղակոթի և Տեղի, Երևանի N 52 դպրոցների, Երևանի Աջափնյակի N 38 մանկապարտեզի հիմնանորոգումը կամ կառուցումը։
Ընթացիկ տարվա պետբյուջեի ևս մեկ վերաբաշխմամբ և նախկին որոշման փոփոխմամբ գործադիրը բյուջետային հատկացումների միջծրագրային վերաբաշխման եղանակով ավելացրել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի և «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված տարեկան գումարները (համապատասխանաբար 12.1 և 0.1 մլրդ դրամով)։
Կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է ավելի քան 3 մլն դրամ, որով Ստեփանավանի Դեսինի և Պրոմեթևս փողոցներում գտնվող չորս շենքերը կգրանցվեն քաղաքային համայնքի անունով, որից հետո կապահովվի շենքերի բնակարանները շահառուներին ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված ցուցակին համապատասխան հատկացնելու գործընթացը։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել օտարելու Դավթաշեն, Եղնիկ, Կաթնաղբյուր, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն համայնքների սեփականություն հանդիսացող հողերը, ինչի շնորհիվ արդյունավետ և արագ կիրականացվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով նախատեսված հողերի` ծրագրի նպատակների համար օտարման գործընթացը, ինչպես նաև ամրագրված փոխհատուցման տրամադրումը։
Կառավարությունն իր նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում է պետական ներքին ֆինանսական հսկողության (ՊՆՖՀ) ռազմավարությանը։ Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի նշված ժամկետներում լիարժեք և պատշաճ կերպով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել որոշման կետերով սահմանված օրենքների նախագծերը և, կիրառելով ներքին աուդիտի համակարգի և հանրային հատվածի հաշվապահության` ներկայումս իրականացվող ներդրման փորձը, զուգահեռաբար կատարելագործել ՊՆՖՀ համակարգը։
Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը` կառավարությունը Հայաստանում կրիչ արտադրող և Հայաստան կրիչ ներմուծող անձանց կողմից կրիչների պարտադիր դրոշմավորման նպատակով ձեռք բերվող հսկիչ նշանների (դրոշմապիտակների) արժեքը 2012 և 2013 թթ. համար սահմանել է 7.5 դրամ։
Հիմք ընդունելով «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ 2011 թ. ֆինանսական արդյունքը (ընկերությունն ինչպես 2010, այնպես էլ 2011 թ. ընթացքում տնտեսական գործունեություն չի իրականացրել և արտադրանքի իրացումից հասույթ չի ունեցել)` կառավարությունը թույլատրել է բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011 թ. տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին։


Կանոնակարգվում է վարորդների բժշկական հավատարմագրումը

ՀՀ կառավարությունը հաստատել է վարորդական վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոցը, Ճանապարհային ոստիկանության ծառայություն ներկայացվող բժշկական հավատարմագրման տեղեկանքի ձևը։
Փոփոխություններ և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում` գործադիրը սահմանել է, որ տրանսպորտային միջոցին հատկացված, սակայն հաշվառման պահին չտրամադրված ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշի փոխարեն կտրամադրվի «ժամանակավոր» համարանիշ, իսկ տրիցիկլը, քվադրոցիկլը, մոտոսայլակը և մոտոտրանսպորտային միջոցները կօժտվեն ավտոմոբիլին հատկացվող հաշվառման համարանիշի տեսքից տարբերվող տեսքի համարանիշով։
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության կառուցվածքում։ Նկատի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնական վերահսկողության և Երևան քաղաքի տարածքային բաժինների աշխատանքի ծավալն անհամեմատ մեծ է` այժմ գործող 10 մարզային տարածքային բաժինները միաձուլման միջոցով կվերակազմակերպվեն 5 միջմարզային բաժնի` դրա արդյունքում առաջացած մարդկային ռեսուրսն ուղղելով կենտրոնական վերահսկողության և Երևանի տարածքային բաժիններ։


Օրենսդրությունը կմոտարկվի եվրոպականին

Արձանագրելով, որ Հայաստանում գործող գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտների օրենսդրությունն արդիականացման կարիք ունի, և հին ստանդարտներն ու պարտադիր սերտիֆիկացման պահանջները չեն համապատասխանում Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի տեխնիկական խոչընդոտների (ԱՄԽ) համաձայնագրի պահանջներին, կառավարությունը քայլեր է անում այդ ոլորտի բարեփոխման ուղղությամբ։ Ընդունված որոշմամբ հաստատվել է գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտների օրենսդրական դաշտը Եվրամիության օրենսդրական դաշտին մոտարկելու ծրագիրը, որը տեղական արտադրողի համար կապահովի թողարկվող արտադրանքի մրցունակության բարձրացում և ազատ մուտք արտաքին շուկաներ, որպես արդյունք` Հայաստանի տնտեսության զարգացում և սպառողների պաշտպանության բարելավում։
ՀՀ կառավարությունն ստեղծել է Որակի և տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդ, հաստատել դրա անհատական կազմը, կանոնադրությունը և գործունեության կարգը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարությամբ գործող խորհուրդը նպատակ ունի խրախուսել որակի ենթակառուցվածքի քաղաքականության լիարժեք իրականացումը և Հայաստանի միջազգային ինտեգրումը։
Հիմք ընդունելով ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագիրը` ՀՀ կառավարությունը որոշել է 2012 թ. աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով և հաստատել կազմը, մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց, ինչպես նաև կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմերը։ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահ-ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է զորակոչն անցկացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում։
Գործադիրը հավանություն է տվել առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագրին և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին։
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագրին։ Նույն որոշմամբ համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի կնքման առաջարկությանը։

 

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի և դրանից բխող մի շարք օրենքների նախագծերին, որոնցով կարգավորվում են նշված խնդիրների հետ կապված հարաբերությունները, սահմանվում այդ պայքարի ոլորտում ընդգրկված իրավասու մարմինների, հաստատությունների և անձանց շրջանակը, այդ մարմինների համագործակցության կարգն ու պայմանները։
Կառավարության հավանությունն են ստացել «Պետական նյութական պահուստի մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերը։ Դրանց նպատակն է արտակարգ իրավիճակների կանխման կամ հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքի իրականացման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պաշարի ֆինանսավորումն այլընտրանքային աղբյուրներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին ձևավորելու հնարավորությունը։
Նիստում հավանություն է տրվել «Տեղական տուրքերի և վճարների մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություներ և լրացումներ կատարելու օրենքի նախագծերի փաթեթին, որն ընդունելու դեպքում կկարգավորվեն տեղական տուրք վճարող ֆիզիկական և իրավաբանական մարմինների հարաբերությունները տեղական տուրքերի սահմանման և վճարման հարցում, տնտեսվարողների համար կստեղծվեն մրցակցային հավասար պայմաններ։
Կառավարության հավանությանն են արժանացել «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի և դրա ընդունմամբ պայմանավորված մի շարք այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերը, որոնց շնորհիվ կկարգավորվեն Ակադեմիայի գործունեությանն առնչվող հասարակական բոլոր հարաբերությունները։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում, «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ԱԺ ընտրությունն անցկացնել 100 տոկոս համամասնական ընտրակարգով։ Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծերի փաթեթի ընդունումը և բազմակողմանիորեն հիմնավորել իր բացասական եզրակացությունը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենքների նախագծերի մեկ փաթեթը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
 

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունն ընդունել է Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
Գործադիրը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզերի մի շարք համայնքների ղեկավարների լիազորությունները։ Այդ համայնքներում ընտրվել են նոր ղեկավարներ։
Կառավարության որոշմամբ Լոնդոնի համալսարանական քոլեջի ասպիրանտուրայում սովորող Ռուբեն Ռուբինյանը, մագիստրատուրայում սովորող Հրանտ Դավթյանը և Հայկ Մանուչարյանը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում են ստացել մինչև ուսումնառության ավարտը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ