չորեքշաբթի, 26 դեկտեմբերի 2012
Առողջապահության նախարարության կարևորագույն խնդիրներից է բժշկական ծառայությունների որակի և արդյունավետության ապահովումը
2012 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակել է համակարգում իրականացվող բարեփոխումները։ Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած իր տարեվերջյան ասուլիսում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նա նշել է, որ կազմվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը», որը նախարարության գործունեության ուղենիշ կլինի առաջիկա 6-7 ամսվա ընթացքում։
Ըստ նախարարի` շարունակվում է մարզային հիվանդանոցների արդիականացումը: 2013-ին կսկսվեն Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման և Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները: Կարդիականացվեն նաև Ալավերդու, Աբովյանի և Բերդի բժշկական կենտրոնները: Իսկ Վանաձորում կկառուցվի 190 մահճակալ հզորությամբ, երրորդ մակարդակի բազմաֆունկցիոնալ բժշկական նոր կենտրոն:
«Սակայն մարզերում բժշկական նորագույն կենտրոնների կառուցումով առկա խնդիրները լիովին չեն լուծվում։ Որպեսզի հիվանդները չշարունակեն գալ Երևանում բուժվելու, պետք է մարզային այդ հիվանդանոցներն ապահովվեն նեղ մասնագետներով և դրանցում անհրաժեշտ ծառայություններ զարգացվեն»,-ասել է Դ.Դումանյանը։
Նախարարի խոսքով`աշխատանքներ են տարվում 2013 թվականի մարտի 1-ից ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը մարզային կտրվածքով տեղայնացնելու ուղղությամբ։
Դ.Դումանյանը առողջապահության նախարարության կարևորագույն խնդիրներից է համարում բժշկական ծառայությունների որակի և արդյունավետության ապահովումը: Նրա խոսքով` այդ խնդրի լուծմանը մեծապես կնպաստեն նախարարությունում մշակված պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչներն` ըստ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների` ամբուլատորիա, ընտանեկան բժշկի գրասենյակ, պոլիկլինիկա, հիվանդանոց: Շուտով նախարարի հրամանով կհաստատվեն նաև այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար: