հինգշաբթի, 28 փետրվարի 2013
Կառավարությունն ավելացնում է գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցությունը
Այս տարի ամբողջությամբ կբավարարվի բոլոր գյուղացիական տնտեսությունների պահանջարկը դիզելային վառելիքի և ազոտական պարարտանյութերի մասով: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում նիստից հետո այսօր կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ըստ նրա` կառավարությունն այս տարի զգալի կավելացնի գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցությունը:
Այսպես՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար շուկայականից էժան գներով կտրամադրվի 31,4 հազ. տոննա ազոտական պարարտանյութ և 17,5 մլն լիտր դիզվառելիք: Անհրաժեշտ քանակությամբ պարարտանյութ և դիզվառելիք կտրամադրվի նաև աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար:
«Սրանով մենք կարողացանք ապահովել հանրապետության մարզերի բոլոր գյուղացիական տնտեսությունների կողմից ներկայացված պահանջարկը»,-ասել է գյուղնախարարը:
Բացի այդ, ըստ նախարարի, շարունակվելու է նաև գյուղատնտեսական վարկերի տրամադրման գործընթացը: Նա նշել է, որ բանկերը վարկերը տալիս են 14 տոկոսով, իսկ գյուղացիական տնտեսություններն այդ վարկերը ստանում են 10 տոկոսով` մնացած 4 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից: Իսկ սոցիալապես անապահով 215 համայնքների վարկերը տրամադրվում են 8 տոկոսով` պետությունը սուբսիդավորում է մնացած 6 տոկոսը: «ՀՀ նախագահի հանձնարականով այս ծրագրերը շարունակական են լինելու »,-ասել է Ս.Կարապետյանը: