հինգշաբթի, 7 մարտի 2013
Երևանի փոքր կենտրոնը` որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հայեցակարգը: ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում նիստից հետո կայացած ասուլիսում ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը նշել է, որ հայեցակարգով առաջարկվում է Երևանի փոքր կենտրոնը դիտարկել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ` հնարավոր դարձնելով նշված տարածական գոտուն բնորոշ առանձնահատուկ պայմանների սահմանումը, ինչը ներկայանում է որպես օբյեկտիվ անհրաժեշտություն:
Նախագծի մշակման շնորհիվ ակնկալվում է Երևանի փոքր կենտրոնի պահպանմանն ու կառուցապատման բարելավմանն ուղղված ապագա օրենքի նախագծի մշակմանը նախորդող` իրավական կարգավորման քաղաքականության որոշումը, ինչը կարևոր երաշխիք կհանդիսանա կշռադատված օրինագծի մշակման համար: