չորեքշաբթի, 3 հուլիսի 2013
Արտեմ Ասատրյան. «ՎՊ-ն անդրադարձել է ոլորտներին և փաստել, որ բավականին մեծ ծավալի աշխատանք է իրականացվել»
Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությունում կան հատվածներ, որոնց հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համաձայն է: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ՎՊ-ի դիտարկումները եղել են երկու ուղղություններով` նպաստների և կենսաթոշակների վճարման գործընթացի օրինականության, արդյունավետության ու տարեցների, երեխաների շուրջօրյա խնամքի ծրագրերի արդյունավետության վերաբերյալ:
Ըստ նախարարի`ՎՊ-ն անդրադարձել է այդ ոլորտների այսօրվա վիճակին և փաստել, որ բավականին մեծ ծավալի աշխատանք է իրականացվել:
Նրա խոսքով, գործընթացների վերահսկման ու տեղեկատվության ճշգրտումների արդյունքում վերջին տարիներին ակնհայտ նվազել են կենսաթոշակառուների թվաքանակը. 2011-ին 2010թ-ի համեմատ կենսաթոշակառուների թիվը նվազել է 10.600-ով, 2012-ին 2011-ի համեմատ` 2 հազարով:
Ինչ վերաբերում է նպաստներին, ապա այստեղ ևս արդիականացվել են տեղեկատվական շտեմարանները` համադրելով այլ ոլորտների շտեմարանների հետ: «Այստեղ ևս մենք կանոնակարգել են տեղեկատվության փոխանակման աշխատանքները և ունենք դրական զարգացումներ: Այն բոլոր ռիսկերը ու խնդիրները, որոնց մասին բազմիցս նշվել է, այսօր հավասարեցված են նվազագույնի»,-նշել է նախարարը:
Տարեցների և երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում ուսումնասիրությունները վերաբերել են գնումների գործընթացներին: Ուսումնասիրվել են 3 տուն իներնատներ և 5 գիշերօթիկ հաստատություններ: Ըստ Ա.Ասատրյանի, գնումների գործընթացների հետ կապված արձանագրվել են տարաբնույթ խախտումներ, ընթացակարգային խախտումներ, որոնց հետ նախարարությունը համաձայնվել է: Նախարարը տեղեկացրել է, որ դեռևս 2012 թ. հոկտեմբերին կանոնակարգվել Է պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող գործընթացները: