ուրբաթ, 23 օգոստոսի 2013
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կմեկնարկի 2014 թվականից
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության գլխավոր նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, ապահովել բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը: Այդ մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ծրագիրը կմեկնարկի 2014 թվականից՝ Վայոց Ձորի մարզից: Մինչ 2021 թվականը այն կներառի հանրապետության բոլոր մարզերը, նաև Երևան քաղաքը: «Ըստ անհրաժեշտ կալորիականության՝ օրվա ընթացքում երեխաներին կտրամադրվի 200 միլիգրամ կաթնամթերք կամ հյութ ու մեկ հացաբուլկեղեն: Ծրագիրը կնպաստի նաև գյուղատնտեսության զարգացմանը, քանի որ սնունդը կլինի տեղական արտադրության:
Ծրագիրը կիրականացնի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Սննդամթերքի որակի և անվտանգության նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև հումքային բազայի զարգացման գործառույթները կիրականացնի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ առողջապահության նախարարությունը կիրականացնի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» սանիտարական կանոնների և նորմերի մշակումը և դրա նկատմամբ հսկողութունը: