ուրբաթ, 13 սեպտեմբերի 2013
«Oracle» ընկերությունը կնպաստի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործող «Oracle» ընկերությունը կհաստատվի Հայաստանում: ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում «Oracle»-ի ավագ փոխնախագահ Ալեն Բլանը կարևորել է ՀՀ կառավարության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչը հնարավորություն կտա տարբեր ծրագրերի և նախագծերի իրականացմանը:
Նշվել է, որ «Oracle»-ը Հայաստանում կհիմնի գերազանցության կենտրոն, կառավարության հետ համագործակցությամբ կմատուցի էլեկտրոնային և համակարգչային ծառայություններ և այլն: «Առկա է համագործակցության մեծ ներուժ, որը պատրաստ ենք օգտագործել»,- ասել է Բլանը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը ողջունել է ամերիկյան հայտնի ընկերության մուտքը Հայաստան և նշել, որ այն կխթանի մեր երկրում ՏՏ բնագավառի զարգացմանը: Կարինե Մինասյանը տեղեկացրել է, որ երկկողմ համագործակցության պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2012 թվականին ՀՀ վարչապետի և «Oracle»-ի ներկայացուցիչների միջև Ֆրանկֆուրտում կայացած հանդիպման ժամանակ:
«Oracle» ընկերությունը հիմնադրվել է 1977թ. ԱՄՆ-ում: Ընկերությունն ունի ավելի քան 390 հազար գնորդ, իսկ ծրագրերը ներկայացված են աշխարհի ավելի քան 145 երկրներում: