չորեքշաբթի, 23 հոկտեմբերի 2013
Հայաստանի օդային փոխադրումների ոլորտի ազատականացումը կհանգեցնի 1-2% տնտեսական աճի
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը, դրա իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու և կազմը հաստատելու որոշումը:
Ծրագրի շրջանակում գնահատվել են բազմաթիվ նախագծային տարբերակներ, ինչի արդյունքում բացահայտվել է, որ բաց երկնքի քաղաքականությունը դրական ազդեցություն կունենա տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա:
Նիստից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում որոշման վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:
Վ.Ավանեսյանը նշել է, որ Հայաստանի օդային փոխադրումների ոլորտի ազատականացումը կհանգեցնի 1-2% տնտեսական աճի: Նրա կարծիքով` աճը տեղի կունենա զբոսաշրջության և ներդրումային գրավչության ավելացման շնորհիվ:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Խաչատուրյանի խոսքով` ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն 18-23 հազար նոր և բարձր վարձատրվող աշխատատեղեր: