երկուշաբթի, 18 նոյեմբերի 2013
Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացվել
Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել «Կենսաթոշակային բարեփոխումներ. կուտակային կենսաթոշակային համակարգ և աշխատավարձեր» թեմայով մամուլի ասուլիս, որի ընթացքում համակարգի վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Ինչպես նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, կենսաթոշակային բարեփոխումները, մասնավորապես , կուտակային կենսաթոշակային համակարգի անցումը, երկարատև, տարբեր ձևաչափերով և մանրամասն քննարկված ոլորտներից է: Ըստ նրա`քննարկումների ընթացքում ծագած բազմապիսի հարցերին տրվել են մանրամասն պատասխաններ: Սակայն, քանի որ համակարգը գործարկվելու է 2014թ. հունվարի 1-ից, ուստի քաղաքացիների մոտ առաջացել են բազմաթիվ հարցեր` ինչպես է այն կիրառվելու, ինչ խնդիրներ են առաջանալու, ինչ լուծումներ են տրվելու:
Նշենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում կներառվեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիները: