երեքշաբթի, 17 հունվարի 2017
Ամփոփվել է Գիտության պետական կոմիտեի 2016 թ. գործունեությունը
Հունվարի 17-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ասուլիսը` կոմիտեի 2016 թ. գործունեության վերաբերյալ: Ս. Հարությունյանը նախ անդրադարձել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի ստեղծման ուղղությամբ 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքներին: Այնուհետև նա ներկայացրել է Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված մրցույթները. հաշվետու տարում հայտարարվել և կազմակերպվել է գիտական ծրագրերի ֆինանսավորման ներպետական 5 և միջազգային 6 մրցույթ, ամփոփվել են 2015 թ. հայտարարված բարձր արդյունավետությամբ աշխատող մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթի արդյունքները, կազմակերպվել է 2015-2016 թթ. հայտարարված մրցույթների հայտերի առցանց հավաքագրումը, տեխնիկական ու գիտաչափական վերլուծությունը և այլն:
Գիտության պետական կոմիտեի նախագահը նշել է, որ 2016 թ. համար ՀՀ պետբյուջեից գիտության ոլորտի ֆինանսավորումը կազմել է 14, 2 մլրդ ՀՀ դրամ, որից բազային ֆինանսավորման ծրագրերի համար հատկացվել է՝ 12, 6 մլրդ ՀՀ դրամ, թեմատիկ (պայմանագրային) ֆինանսավորման ծրագրերի համար՝ 1,4 մլրդ ՀՀ դրամ և պետական նպատակային ծրագրերի համար՝ 206 մլն ՀՀ դրամ: Նա ներկայացրել է նաև տվյալներ` ըստ ենթածրագրերի ոլորտի ֆինանսավորման, ինչպես նաև «Գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարներ» ծրագրի շրջանակներում տրվող հավելավճարների վերաբերյալ: