երեքշաբթի, 26 սեպտեմբերի 2017
Կբարելավվի ճանապարհաշինության ոլորտում պետբյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակը
Ճանապարհաշինության ոլորտում պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակը բարելավելու նպատակով պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետն այսուհետ դառնալու է 5 տարի։ Ժամանակահատվածը ներառում է 3 տարի բանկային երաշխիքային ժամկետ և 2 տարի՝ պայմանագրային։ Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Իսկ ճանապարհային անվտանգության բարձրացմանն համար Եվրամիությունը հաստատել է 5 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի տրամադրումը:
Նախարարը նշել է, որ ընթացքի մեջ են Մ-6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ0+000–կմ38+450 հատվածի շինարարական աշխատանքները: Ճանապարհահատվածի Վանաձոր քաղաքին հարող շուրջ 7.5կմ երկարությամբ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնյա ծածկ: Շարունակվում են ճանապարհին տեղակայված 3 թունելների լուսավորության և մայթերի տեղադրման, ինչպես նաև հենապատերի և ջրահեռացման համակարգի կառուցման/վերակառուցման աշխատանքները:
Նշվել է նաև, որ համայնքների երթուղային հասանելիության ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են 220 չսպասարկվող համայնքներ, մշակվել է համապատասխան երթուղային հասանելիության ցանց, շուրջ 40 տոկոս չսպասարկվող համայնքներ ներառվել են գործող երթուղային ցանցում: