երկուշաբթի, 4 ապրիլի 2011
«Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցը» կնպաստի երիտասարդության մասին առավել իրատեսական օրենքի ընդունմանը
2011թ. դեկտեմբերին կհրապարակվի “Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցը”, որում տեղ կգտնեն երիտասարդական պետական քաղաքականության զարգացման նպատակով իրականացվող համապարփակ ուսումնասիրությունների արդյունքները: Այն վերաբերվելու է 18-30 տարեկան բոլոր քաղաքացիներին հուզող հարցերին: Այդ մասին կառավարության մամուլի կենտրոնում այսօր հայտարարել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Ըստ բանախոսի` նման զեկույցի հրապարակման հաջող փորձ տեղի է ունեցել 2006-2007 թվականներին: “Բոլորս հասկանում ենք, որ հինգ տարվա ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել մեզ շրջապատող աշխարհում և բնականաբար երիտասարդներին հուզող խնդիրներն էլ որոշակի տրանսֆորմացիայի են ենթարկվել”, - նշել է Արսեն Քարամյանը: Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին` նախարարի տեղակալը առանձնացրել է երիտասարդության մասին թվային ու բովանդակային վիճակագրության բացակայության հարցը:
Ասուլիսի ընթացքում խոսվել է այն երեք հիմնական ուղղությունների մասին, որոնց շուրջ իրականացվելու են ուսումնասիրությունները. դրանք են որակյալ և մատչելի կրթության կազմակերպումը, երիտասարդության զբաղվածության խնդիրը, առողջության և հատկապես վերարտադրողականության առողջության խնդիրները: Ուսումնասիրությունը մեկնարկելու է մայիսից ամբողջ հանրապետության տարածքում և տևելու է մինչև հոկտեմբերի վերջը: Դեկտեմբերի երկրորդ կեսին զեկույցը հրապարակվելու է հայերենով, իսկ 2012 հունվար-փետրվար ամիսներին` անգլերենով:
Արսեն Քարամյանը անդրադարձել է նաև երիտասարդության մասին օրենքին` նշելով, որ հանրապետության վարչապետի նախաձեռնությամբ Ազգային Ժողովից հետ է կանչվել երիտասարդության մասին օրենքի նախագիծը` լրամշակման համար: Նրա խոսքով` նշված զեկույցը օգնելու է, որպեսզի կառավարությունը Ազգային ժողովում հանդես գա օրենքի շատ ավելի իրատեսական նախագծով և այն լինի առարկայական ու իսկապես ուղղված լինի ոլորտի բարելավմանը:
Մանրամասները աուդիոնյութում