հինգշաբթի, 6 հոկտեմբերի 2011
Այս տարի բոլոր ոլորտներում կարձանագրվի երկնիշ տնտեսական աճ, բացի շինարարությունից
Այս տարեվերջին գրեթե բոլոր ոլորտներում կարձանագրվի երկնիշ տնտեսական աճ, որը լուրջ հիմք է հանդիսանալու տնտեսության զարգացման և բյուջետային եկամուտների հավաքագրման գործում: Այս ամենը հնարավորություն կտա կառավարությանը վստահորեն մուտք գործել 2012 թվական: Այս մասին այսօր կառավարության նիստին հաջորդած մամլո ասուլիսում նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա` ներկայում արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 12 տոկոսանոց տնտեսական աճ: Ակնկալում է, որ տարվերջին ևս կլինեն նման արդյունքներ: «Նույնը վերաբերվում է գյուղատնտեսությանը, ծառայությունների ոլորտին: Արտահանման ծավալների աճը կազմում է մոտ 30 տոկոս, որն ավելի բարձր է, քան երկրի ընդհանուր տնտեսության աճը: Լուրջ առաջընթաց ունենք նաև օտարերկրյա ներդրումների հարցում, այդ հոսքերը 20 տոկոսով ավելին են նախորդ տարվա համեմատ: Կարծում եմ, բացառությամբ շինարարության ոլորտին, որտեղ ընդհանուր անկումը դեռևս չի հաղթահարվել, մյուս բոլոր ոլորտներում կունենանք երկնիշ տնտեսական աճ»,- նշել է էկոնոմիկայի նախարարը:
Ըստ նրա` ակնհայտ է նաև, որ գնաճի տեմպերը ևս նվազում են: «Համոզված ենք, որ մինչ տարեվերջ կհասնենք այն ցուցանիշին, որը նախատեսված է պետական բյուջեով ու մակրոտնտեսական կանխատեսումներով: Այս տարվա սկբում առկա աշխատավարձի աճի և գնաճի միջև տարբերությունը կտրուկ նվազել է և մինչ տարեվերջ կփորձենք հասնել աշխատավարձերի աճի և գնաճի տեմպերի միջև համամասնության լավագույն մակարդակին: Վերջին ամիսների դրական տենդենցները մակրոտնտեսական ցուցանիշները, համախառն ներքին արդյունքի աճը, գնաճի տեմպերի նվազումը տնտեսության զարգացման լավատեսական հիմքեր են տալիս: Եթե կարողանանք այս տեմպերը ապահովել, իսկ այդպիսի համոզմունք կա, կարծում եմ լուրջ զարգացում կունենանք»,- ընդգծել է նախարարը:
Ըստ Տիգրան Դավթյանի իրենք ամենօրյա ռեժիմով ուշադիր հետևում են համաշխարհային տնտեսության գլոբալ զարգացումներին: «Այսօր առավոտյան արդեն իսկ դրական տեղաշարժեր են նկատվում համաշախարհային տնտեսության մեջ: Հույս ունենք, որ համաշխարհային զարգացումները կունենան դրական միտումներ: Հնարավորին չափ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Այս առումով, արդեն բավականին փորձ ենք կուտակել և գիտենք, թե ինչ իրավիճակում ինչպիսի գործողություններ պետք է իրականացնենք»,- նշել է Տիգրան Դավթյանը: