հինգշաբթի, 19 ապրիլի 2012
Հանրապետությունում կներդրվի վճարումների պետական էլեկտրոնային համակարգ
Հանրապետությունում ներդրվելու է վճարումների պետական էլէկետրոնային համակարգ, որը գործարկվելու է առաջիկա 10 օրերի ընթացքում: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ներդրվող էլեկտրոնային կառավարման նոր գործիքը հնարավորություն կտա քաղաքացիներին իրենց պետական վճարումները կատարել էլեկտրոնային եղանակով և բանկային Arca ու Master քարտերի միջոցով:
«Ընդհանուր առմամբ համակարգում ներառված են 1500 տեսակի վճարումներ՝ տուգանքներ, պետական տուրքեր, ծառայությունների վճարներ և այլն: Երևանի, Գյումրու և Վանաձորի քաղաքապետարաններն իրենց տեղական վճարումները ևս կկազմակերպեն այս համակարգով: Այն ապագայում կներդրվի նաև հանրապետության այլ համայնքներում: Այլևս անհրաժեշտ չի լինի պետական վճարումները կատարելու համար այցելել բանկ, այնուհետև պետական ծառայություն»,- ասել է Դավիթ Սարգսյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ այս համակարգի ներդրման արդյունքում էապես կնվազեն նաև գանձնվող միջնորդավճարները. օրինակ 2-3 հազար դրամանոց վճարման դեպքում որպես միջնորդավճար քաղաքացուց կգանձնվի ընդամենը 8-10 դրամ:
Կառավարությունն իր ապրիլի 19-ի նիստում ընդունեց վճարումների պետական էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին որոշումը: