շաբաթ, 3 նոյեմբերի 2012
Զորահանդեսի հրամանատարը
«Ժամանակը» 2013 թ. բյուջեի քննարկումից այն տպավորությունն է ստացել, թե «կարծես քննարկումը երբեմն վարում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը»: Նախկին վարչապետի «երդվյալ ատենակալի» դերն ստանձնած թերթը մի շարք իրավիճակների նկարագրմամբ ապացուցված է համարում իր ենթադրությունը: Բայց Բագրատյանը դրանով չի սահմանափակվում. «Առավոտին» նա ասում է, որ Համաշխարհային բանկի ցուցանիշները «ձե-վա-կան են», «ՀԺ»-ին` որ ԲՀԿ-ի հետ համագործակցության խնդրում «ջուրը մտնելուց առաջ բոբիկանալ պետք չէ» և այլն: Բյուջեի քննարկումը լուսաբանում կամ տնտեսական հարցեր են արծարծում «Գոլոս Արմենիին» («Սոցիալական ոլորտ – 2013. տնտեսման ռեժիմով», «Լեռնահանքային արդյունաբերություն. թեր և դեմ»), «ՀԺ»-ն («Սպորտի տխուր վիճակը»), «168 ժամը» («2-3 տարի հետո գյուղատնտեսություն չենք ունենա, եթե…»), «Նովոյե վրեմյան» («Փոթիի գործադուլը արգելակել է 129 հայկական կոնտեյներ»), «Առավոտը» («այս 20 տարում իրար հաջորդող կառավարություններն այդպես էլ ստվերը չկրճատեցին»):
Հայաստանի մամուլը հերթական անգամ կուլ է տալիս Աբխազական երկաթուղին իբր բացելու` այս անգամ Իվանիշվիլու կառավարության ասպարեզ նետած խայծը. «Վրաց-ռուսական հաշտություն. մեր շոգեքարշ, առա՞ջ սլացիր» («Նովոյե վրեմյա»), «Օգնելով Վրաստանին` մենք մեզ կօգնենք» («Հրապարակ»), «Մտադիր են վերականգնել աբխազական երկաթուղին» («ՀԺ»):
Սակայն ամենաստվար մամուլն «հավաքել է» ԱԺ նախագահի երեկվա ասուլիսը. «Հնարավոր է ՀՀԿ-ԲՀԿ համագործակցություն» («ՀՀ»), «Բոլոր քաղաքական ուժերը պետք է համերաշխ գնան ընտրության» («ՀԱ»), «Հովիկ Աբրահամյան. ոչինչ չի բացառվում» («Գոլոս Արմենիի»), «Կոռուպցիան կարող է լինել գործադիրում» («Ժողովուրդ»), «Էդ ո՞ւր առանց ինձ» («Հրապարակ»), «ԱԺ նախագահի զգուշացումները ԲՀԿ նախագահին», «Ազգային ժողով` միլիոնատերերի ակումբ» («168 ժամ»), «Բյուջեի փողերը յուրացնելը «գրեխ» է» («Ժամանակ»), «ՀՀԿ-ն էլ է հրավիրում` համագործակցեք» («ՀԺ»):