երեքշաբթի, 6 նոյեմբերի 2012
Առաջին անգամ…
«168 ժամը» հավաստիացնում է, որ «Հայաստանում առաջին անգամ «ընդդիմության» դիրքերից հանդես է գալիս մի կուսակցություն, որը կամ իշխանությունից ավելի հարուստ է, կամ առնվազն այնքան կարողություն ունի, որքան իշխանությունը»: Խոսքն, իհարկե, վերաբերում է ԲՀԿ-ին. թերթն այս եզրակացության է հանգել` համեմատելով պատգամավորների հայտարարագրերը: Ներքաղաքական նախընտրական իրավիճակը բնութագրում է նաև «Դե ֆակտո իրատեսը». «Նոյեմբերյան նոստրադամուսների ակտիվացումը», «ԲՀԿ-ն փորձում է լայն ընդդիմադիր կոալիցիա ստեղծել, որին կարող են հարել ոչ միայն ՀԱԿ-ը, այլև ՀՅԴ-ն» և «Մատ առանց շախի±» (հոդվածագիրը փորձում է համեմատել Վարդան Օսկանյանի և Վարդան Այվազյանի «դեպքերը»):
Ըստ երևույթին «Հրապարակը» Հրանտ Բագրատյանին է հանդիպել վերջինիս նարկիսոսյան հերթական նոպայի ժամանակ. կառավարության անդամը «կարող է ֆռռացնել Ազգային Ժողովում, թող ոչ մեկն ինձնից չնեղանա` ցանկացած մարդու, բացի Հրանտ Բագրատյանից` տնտեսական հարցերում»: Սակայն, անկասկած, լրագրող Նարինե Մկրտչյանն է համակված ամենաարմատական մտքերով, որոնք առատորեն սփռված են «Ապստամբություն» հոդվածում («Առավոտ»): Եվ եթե Մարտին Լյութեր Քինգը սահմանել էր, որ «ապստամբությունը նրանց լեզուն է, ում հրաժարվում են լսել», Ն. Մկրտչյանը մի քայլ առաջ է գնացել` ապստամբության «հաղթելու ճանապարհը մեկն է` վերածվել հեղափոխության»: Եվ այս ամենը մեզ սպասում է նախագահի առաջիկա ընտրությանը:
Փոթիի նավահանգստի անձնակազմի գործադուլն սկսել է անհանգստացնել մեր լրատվամիջոցներին` «Հրապարակ», «Նովոյե վրեմյա»:
Ապագան կանխատեսողի անշնորհակալ դերն է ստանձնել ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը: Իր իսկ խոստովանությամբ, նա երբևէ չէր պատկերացրել, որ բանտախցում է հայտնվելու: Հայտնվեց: Եվ հիմա արդարադատության նախարարի մի քանի արտահայտությունը նկատի առնելով` գուշակում է, որ նա էլ կարող է այնտեղ հայտնվել` դրանից բխող բոլոր հետևանքներով («Առավոտ»):
Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում շարունակվող բյուջետային քննարկումների թեման «Ժողովուրդը» «դիտարկել» է «սեփական հայեցողությամբ»` «Ձախողված արտաքին քաղաքականության հաշվետվությունը»: «Հայոց աշխարհը» կարևորել է, որ կառավարությունում օրեր առաջ տեղի ունեցած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին մասնակցել են «Ժառանգությունը» և ՀՅԴն, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ` «Հակակոռուպցիոն պայքարը պետք է լինի համակարգային»: Թեմային անդրադարձել են նաև «168 ժամը», որը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի տեսակետը («Սպառել ենք մեր սխալվելու լիմիտը»), «Առավոտը», որը մեջբերել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համոզմունքը, թե նիստին չմասնակցելու կուսակցության «որոշումը ճիշտ էր», «Հայկական Ժամանակը» («Դեմքեր, որ ամեն ինչ մատնում են») և «Հրապարակը»:
Անդրադառնալով ՊԵԿի հրապարակած ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկին, «Օրակարգը» հայտարարել է, թե նրանք «ապահովել են պետբյուջեի հարկային մուտքերի 74 տոկոսը»` «կանխավճարների հաշվին», «Հայկական Ժամանակը» թե` «Պլոկում են փոքրերին»: «168 ժամը», «պեղելով» հայրենի վիճակագրության հրապարակումների խորքը, գտել է, թե որոշ տվյալներ «հակասության մեջ են մտնում կյանքի պայմանների բարելավումը վկայող թվերի հետ» («Փախուստ տնտեսական աճից»): «Ժողովուրդը» վերստին անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխումների թեմային` փորձելով ներկայացնել կուտակային ֆոնդերին վերաբերող ռիսկերը և եզրակացնելով, թե «Կորցնողը միայն քաղաքացին է լինելու»: «Օրակարգը» «Արմավիայի» վարկանիշը ամփոփոխ պահելու ԿԲի վճիռը որակել է «Թռիչք պարտքերի վրայով»: Երկու այլ հրապարակումներում թերթը արձագանքել է պետականորեն իրականացվող բուհերի խոշորացման գործընթացին («Քաղաքական հիգիենան կարևոր է») և «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ Հայաստան»-ի ֆինանսական միջոցների «փոշիացմանը» («Գումարները ջրվել են ֆերմերների հաշվին»):