երեքշաբթի, 20 նոյեմբերի 2012
Ուզում է հասկանալ, բայց…
«Ժամանակն» անկեղծորեն ուզում է հասկանալ այն ամենը, ինչ երկրի տնտեսության եւ կառավարության գործունեության մասին ասում է ՀՀ վարչապետը։ Բայց ավա՜ղ, չի հաջողվում։ Թերթը մոլորվում է նախա և հետինդուստրիալ հասկացությունների բավիղներում և տրտնջում, որ վարչապետը «բարդ» է խոսում։ «168 ժամը», հիշատակելով վարչապետի նույն ելույթը «Ազգային մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» գիտական նստաշրջանում, ուզում է իմանալ, թե կառավարությունն ինչ կարծիքի է նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի՝ ԱԱՀ-ն մաքսակետում չհարկելու առաջարկի վերաբերյալ՝ «Ինչո՞ւ է լռում կառավարությունը»։
«Հայոց աշխարհը» մասնակցում է նպաստը աշխատավարձից գերադասելու «բանավեճին» և պազաբանում դրա պատճառները։ «Ժողովուրդն» այսօր արծարծում է արտագաղթի թեման՝ դիմելով ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի փորձագիտական օգնությանը՝ «Ազգային անվտանգության սպառնալիքը», «Վաճառում են տներն ու արտագաղթում»։
«Օրակարգն» արձանագրում է, որ «գույքահարկի մասով զեղչված գումարների մեկ երրորդը բաժին է ընկել մայրաքաղաքին», «Հայոց աշխարհը» Արծվիկ Մինասյանի աջակցությամբ փաստում, որ «Հայաստանը հայտնվել է վարկային սարդոստայնում», «Դե ֆակտո իրատեսը» մեկ ամբողջ էջ նվիրում փոխանցելու Հրանտ Բագրատյանի մտքերը բյուջեի նախագծի եւ հարակից հարցերի մասին։
«Իրավունքը» ԱՊՀ երկրների գլխավոր խմբագիրների հետ վարչապետի ունեցած զրույցից առանձնացնում է անձնական հարցերի պատասխանները, «Առավոտը» և «168 ժամը» փոխանցում են ռուս քաղաքագետների տպավորությունը «Հայաստան – Եվրասիական միություն» առնչությունների վերաբերյալ։
«Իրավունքը» շարունակում է հետամուտ լինել այն հարցին, թե «հանուն ինչի՞ են Կենտրոնական բանկի կես միլիոնանոց աշխատավարձերը», իսկ «Օրակարգը» պարզապես առաջարկում է ընդունել, որ հայկական բանկերը հիմնականում զբաղված են վաշխառությամբ։