հինգշաբթի, 22 նոյեմբերի 2012
Տնտեսության գլխավոր խնդիրը
Օրերս Երևանի պետական համալսարանում ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի կարդացած բաց դասախոսությանն իր անդրադարձը «Օրակարգը» խորագրել է «Տնտեսության խոչընդոտումը` հարկայինից ու մաքսայինից» և հավելել, որ «ԱՄՀ ներկայացուցիչը նորից ցույց է տալիս Հայաստանի տնտեսության գլխավոր խնդիրը»: «Հայկական ժամանակը» գրել է, թե «կառավարությունը չի շտապում պաշտոնապես հայտարարել մեր բնակչության 2011թ. աղքատության մակարդակի ցուցանիշը», հետո էլ հավելել իր «հանգույն»` «Ինչքան պետք է` կձգձգեն»: «Առավոտի» «Կոռուպցիան նահանջո՞ւմ է» խորագրով հրապարակման մեջ կարևորվել է վարչապետի վերահսկողական ծառայության` բժշկասոցիալական փորձաքննության գործառույթների ընթացքում արձանագրված բացթողումների բացահայտումը: Կոռուպցիայի դեմ պայքարի մեկնաբանությունը «չի ուշացրել» նաև 168 ժամը («Ձոն առ կառավարություն»)` թեման համարելով «ամենամոդայիկը»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է թերսնման ու աղքատության հիմնախնդրին, հրապարակելով Հայաստանին վերաբերող Gallup international WIN կազմակերպության տվյալները («Gallup-ի տհաճ կողմը»), ինչին «Առավոտում» «ձայնակցել» է ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը, ըստ որի` իբր վարչապետ «Տիգրան Սարգսյանը ծրագիր է իրականացնում»` որպեսզի լինի «հեշտ ընտրություն իշխանության համար»: Աշխատատեղերի թեմային և նախօրեին այդ առթիվ վարչապետի հայտարարությանն արձագանքել է նաև «Ժողովուրդը»: «Նովոյե Վրեմյան» հիշատակել է News.am-ի տեղեկատվությանը, ըստ որի կառավարությունում մշակվել է մայրաքաղաքում տրոլեյբուսի ցանցից հրաժարվելու մասին որոշման նախագիծ («Վերջին տրոլեյբուսը՞»):