երեքշաբթի, 27 նոյեմբերի 2012
Էլիտար երազներ
Իրենց սովորական թեմաներին անցնելուց առաջ «Հրապարակը» և «Ժողովուրդը» չեն մոռանում հիշատակել վերջին էլիտար հարսանիքները, անուն առ անուն թվարկել դրանց մասնակիցներին, նույնիսկ պատառիկներ փոխանցել նրանց խոսք ու զրույցից: Մեզանում տարածված առասպելի համաձայն հենց այսպիսի վայրերում են կայացվում երկրի համար բախտորոշ որոշումները…
Մինչ այդ Հրանտ Բագրատյանը պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրվել, եթե, իհարկե, ՀԱԿ առաջնորդը չառաջադրվի («168 ժամ»), Բագրատ Ասատրյանը «առանց դրամի Հայաստան է երազում, եվրոյով Հայաստան» («Օրակարգ»): Մի խոսքով, Հայրենիքը հերոսների կարիք է զգում, որոնց թիվը բավական շատ է: Դիտարկելով այս հարցը, «Դե ֆակտո իրատեսը» նկատում է, որ «ներկայումս ջանք ու եռանդ չի խնայվում «մեր ժամանակի հերոս» օլիգարխներին ներկայացնելու որպես հայ ժողովրդի պատմության ամենամեծ բարեգործների» («Մեր հերոսապատման ողբերգությունը»): Ո՞ւր էին նրանք Արցախյան ազատամարտի տարիներին, շարունակելով թեման հարցնում է «Ժողովուրդը». «Ես չեմ վստահում այն մարդուն, ով վճռական պահին լքել է իր ժողովրդին ու պետությունը, իսկ այսօր փորձում է վճռական դերակատարում ստանձնել նույն երկրում»:
ՀՀ վարչապետի հարցազրույցը «Ինտերֆաքսին» մեր ԶԼՄ-ներին մղել է տարատեսակ դատողությունների: Հարցազրույցում արծարծված խնդիրներն են քննարկում «Ժամանակը» («Պայքար Հայաստանի միջուկային «իրավունքի» համար»), «Ժողովուրդը» («Դրա ժամանակը չէ»), «168 ժամ» («Ռուսկի ստանդարտ»), նույնիսկ «Իրավունքի» «Ընկ. Փանջունու անկյունը. «Տիգրան Սարգսյանը` Դմիտրի Մեդվեդևին. «Տվեք մեզ ընդհանուր սահման, և մենք կմիանանք Եվրազեսին»: Մեծ արձագանք է ստացել բնական գազի հնարավոր թանկացման վարկածը, որին «168 ժամը» արձագանքել է «Ո՞վ խնդիր չունի» հրապարակմամբ: Թեմային անդրադարձել են նաև «Օրակարգը» («Գազային թնջուկ» և «Գինը կորոշեն կառուցողական մթնոլորտում»), «Ժողովուրդը» («Մոսկվան, գազի գինն ու Սարգսյանները»), «Ժամանակը», որ «գազի գնի սահմանման շուրջ» զրուցել է ՌԴ ազգային էներգետիկ անվտանգության ֆոնդի տնօրեն Կոնստանտին Սիմոնովի հետ («ՀՀ գազային ենթակառուցվածքներն արդեն «Գազպրոմինն» են … էլ ինչո՞ւ ցածր պահել գինը»), «Իրատես դե ֆակտոն», որը ներկայացրել է ներկրվող գազի որակի վերաբերյալ «ՀայՌուսգազարդի» հասարակայնության հետ կապերի ծառայության պարզաբանումը:
Արձագանքելով «Նաիրիտի» աշխատակիցների կազմակերպած երեկվա բողոքի ակցիային, «Առավոտը» գրել է` «Նաիրիտցիները նախագահականի և կառավարության խոստումներին չեն հավատում», «Հայկական ժամանակը» թե` «Էլի խաբեցին` ճամփեցին»: «Ժողովուրդին» «հետաքրքրել» է, թե «Ինչո՞ւ չեն բողոքում «Նաիրիտի» ղեկավարները», «Ժամանակը» հարցրել է և փորձել բացահայտել, թե «Ինչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ», «Օրակարգը» հավելել է, որ «նաիրիտցիները» պահանջել են «աշխատավարձ և գործարանի ապագայի հստակեցում» («Քիմիական քայլերգ»):
«168 ժամը» քննության է առնում ԱՀՌԾ –ի փոխարկումը ԿԶԾ –ի և եզրակացնում, թե իբր «իշխանությունն այդ ծրագրերը ձախողել է, իսկ ընդդիմությունն էլ չի պաշտպանել ժողովրդի շահը»:
ՀՀ կառավարության նախորդ նիստում ընդունված որոշման դրույթների հիման վրա արտահանման խթանման հարցն է արծարծում «Ազգը» («Արտահանման աջակցություն` վարկերի ապահովման միջոցով»): «Հայոց աշխարհը» իր հերթին արձանագրում է երկրի բնակարանային շուկայում նկատվող «աննախադեպ ակտիվությունը»:
«Գոլոս Արմենիի» «Մեր ընտրած ճանապարհները» հոդվածի հեղինակ Կոնստանտին Մարգարյանը փորձում է պարզել երկրի տնտեսության հետ մնալու պատճառները և մատնանշել առաջընթացի ուղիները: