չորեքշաբթի, 28 նոյեմբերի 2012
Սովորական Բիձինա - 2
Մեր մամուլը ժամանակին (06.10.12) արձանագրել էր հարևան երկրում իշխանության եկած ուժի և իր առաջնորդի վրացական երազանքը` «Վրաստանն առանց հայերի»: Պարզվում է` սա, ինչպես ասում են` ծաղիկն էր. պտուղը հասունացել է այժմ, երբ «Վրաստան մտնող մեր բեռնատարների համար լուրջ խնդիրներ են ծագել» («ՀԺ»): Վրացական մաքսավորները «պահանջում են 2 հազար լարի (1 հազար ԱՄՆ դոլար) տուգանք վճարել բեռների քաշի անհամապատասխանության (30կգ սահմանում) և այլ պատճառաբանություններով» («Օրակարգ»): Սա, իբր, նորերի պատասխանն է Հայաստանի իշխանության` Ջավախքում, իբր, Վրաստանի գործող նախագահին սատարելու իրողությանը:
Տպագիր մամուլը շարունակում է արձագանքել վարչապետի վերջին հարցազրույցներին` «Երկու հարցազրույց, անպատասխան հարցեր. հայ-ռուսական հարաբերություններում անորոշությունը պահպանվո՞ւմ է» («Առավոտ»), «Մաքսային միությունը մոտ է միասնական արժույթի ներդրմանը» («Օրակարգ»), «Ինչո՞ւ է վարչապետը ռևերանս անում ՌԴ առաջ» («Ժամանակ»):
Հրատապ է դարձել աղքատության դեմ պայքարի հարցը. առիթը ՀՀ ազգային վիճծառայության հրապարակած տվյալներն են, որոնց տարբեր գնահատականներ են տվել «Ժողովուրդը», «Օրակարգը», «ՀԺ»-ն: Այս թերթն ի մի է բերել նաև 2013թ. բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ խմբակցությունների առաջարկները:
«Ռեսպուբլիկա Արմենիան» լուսաբանում է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության քայլերը, «Ժամանակը» թվարկում այն դժվարությունները, որոնց հանդիպում են սփյուռքահայերը` Հայաստանում բիզնես հիմնելիս:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ «Հրապարակը» շրջագայել է վերակառուցված շենքում, որտեղ ի թիվս մյուս ղեկավարների, «առաջին անգամ ՀՀԿ պատմության մեջ առանձին սենյակ է ունենալու նաև ՀՀ վարչապետը»: