շաբաթ, 1 դեկտեմբերի 2012
Մեր ժողովրդավարությունն էլ է ուրիշ…
«ՀԺ»-ն փոխանցում է Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահի կարծիքը, թե «… երևի հայկական հասարակության համար տնտեսական վիճակը գործոն չէ իշխանությունների ընտրության ժամանակ», և դա «Հայաստանի ժողովրդավարության գաղտնիքն է»: Թերթը մեջբերում է նաև պաշտոնական տվյալ, ըստ որի օտարերկրյա ներդրումներն այս տարի շատ են զիջել նախորդ տարվա ցուցանիշներին, որ 2014 թվականից ներդրվելիք կենսաթոշակի նոր համակարգը «գործնականում արդյունք չի տալու»: «ՀԺ»-ին «ձայնակցում են» «Հայոց աշխարհը»` «Նախատոնական գնումներին ընդառաջ գնաճն ակտիվանում է», «Ժողովուրդը»` «Գյուղատնտեսական ուշացող ծրագրերը», «168 ժամը»` «Գյուղնախարարը գոհ է ոլորտի զարգացումից, գյուղացին` ոչ»: Վերջակետը դնում է «Հրապարակը»` մեջբերելով մեկ այլ հետազոտության արդյունք` «Կյանքի համար անբարենպաստ երկիր ենք»: Իբր սա քիչ էր` Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունն է 2013-ի համար լրացուցիչ գումարներ ուզում, ինչը կառավարությունն առայժմ մերժում է, բայց «…մենք դեռ կառավարության հետ այս հարցը մանրամասն կքննարկենք» («168 ժամ»), «Կառավարությունն ԱԺ-ին դրդում է խախտման» («Ժողովուրդ»):
Այս թերթը մի «աննշան» փոփոխություն կատարելով («որով մենք էլ ենք առաջնորդվում»-ի փոխարեն գրելով «որով էլ մենք առաջնորդվում ենք») վարչապետի ռուսերեն հարցազրույցի հայերեն թարգմանության մեջ, հիմնովին աղավաղել է միտքը և հնարավորություն է ստացել նշված ձևակերպումն «ամոթալի» անվանել: Ի դեպ, հարցազրույցը արտատպել է «Նովոյե վրեմյան», որը անդրադարձել է նաև կառավարության վերջերս ընդունած երկու որոշման` «Հայաստանում նավթ կա, մնում է գտնել այն» և «Կառավարությունը վերջապես ձեռք զարկեց գինեգործությանը»:
«168 ժամը» նայել է ԱԺ պատգամավորների կենսագրությունները և պարզել, թե «ով քանի տարեկանում է սովորել բուհում»: