չորեքշաբթի, 5 դեկտեմբերի 2012
Բյուջե. վերջին «վրձնահարվածները»
Այսպես կարելի է վերնագրել երեկ Ազգային Ժողովում և այսօր մամուլում ծավալված մտքերի փոխանակությունը. «Ուշադրությունը` գլոբալ խնդիրներին» («ՀՀ»), «Ընդդիմությունը դեմ է բյուջեի նախագծին, բայց մասնակցում է քննարկմանը» («Հայոց աշխարհ»), «Որբի գլուխ բյուջե» («Ժամանակ»): «ՀԺ»-ն դժվարանում է գտնել «մի որևէ լուրջ երկիր, որի վարչապետը 13 տարվա հեռանկարով խոստանա բացվելիք աշխատատեղերի թիվ հրապարակել», ինչպես այդ անում է մեր վարչապետը: ԲՀԿ-ական պատգամավորի «աբսուրդային հատկացումների թոփ տասնյակի» ցուցակը, որը ներկայացվել է ԱԺ պատգամավորներին, «Հրապարակը» համարում է «հիրավի առողջ և իրական ընդդիմությանը վայել տեքստ»: Փաստը մի փոքր այլ երանգով է ներկայացնում «Առավոտը»` «Հավանական «ատկատների» ցուցակը` ըստ ԲՀԿ-ի»:
Այլ թեմաներ էլ կան մամուլում. «Նաիրիտին» վերաբերող հարցերին պատասխանում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը («Ժամանակ»), «Օրակարգն» արձանագրում է, որ «հարկերը կտրվել են իրականությունից, և ՊԵԿ-ի հավաքման ցուցանիշները չեն արտացոլում մակրոտնտեսական վիճակը», «Ռեսպուբլիկա Արմենիան» Կարեն Վարդանյանի շուրթերով հայտարարում է, որ ՏՏ ոլորտն այս տարի մոտ 30-35 տոկոս աճ կունենա:
«Ժողովուրդը» մտահոգվել է, որ ԱԺ միջանցքում կազմակերպված հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսում «որևէ կադր չկա Բաբկեն Արարքցյանի պաշտոնավարման տարիներից»: Դրա մեղքը, ըստ թերթի, «Արմենպրեսինն» է, որի տնօրենն, ի դեպ, վարչապետի օգնականն է: