երեքշաբթի, 11 դեկտեմբերի 2012
«Բոցկլտացող» թեմա
«Ժողովուրդը» վառ է պահում նախագահի առաջիկա ընտրությունը ռուսական գործոնով պայմանավորելու թեման: Ահա այժմ էլ, ըստ թերթի, հերթական քննարկումն է լինելու ՀՀ և ՌԴ նախագահների միջև, ավելին, նրանք, իբր, չեն շրջանցելու «նաև ապագա վարչապետացուի» հարցը: «Ժամանակը» անդրադառնում է ՀՀԿ-ՀՅԴ առաջնորդների հանդիպման մանրամասներին, փոխանցում հնարավոր «նախագահացուներից» մեկի վերաբերյալ գործարար Գործունյանի կարծիքը. «Ինքն իր սպիտակ կոստյումներով չի կարող լուրջ քաղաքական դեմք լինել, ավելին, սփյուռքի համար նա անլուրջ քաղաքական անձ է, որը Հայաստանի տնտեսությունը մենաշնորհողներից մեկն է»: «168 ժամը» զգուշացնում է «ԽՍՀՄ-ի կենդանացող ուրվականից», որի դեմ պայքարելու վճռականություն է հռչակել ԱՄՆ պետքարտուղարը: Չանսալով անդրօվկիանոսյան հայտարարությանը, Արտ. Գեղամյանը «Հայոց աշխարհում» գրում է, որ «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» (շարունակելի):
Մամուլը վստահեցնում է, որ «կառավարությունը շեղվել է արտաքին պարտքի սպասարկման ժամանակացույցից» («Օրակարգ»), որ «բանկերը նպաստում են դոլարայնացման աճին» («168 ժամ»), որ պետությունը պետք է «սեփականատիրոջն օգնի, որպեսզի նրա սեփականությունն արդյունավետ աշխատի» («Գոլոս Արմենիի»), որ հանրակրթության ոլորտում կառավարության կատարած «մեծաքանակ հատկացումներն» արդյունք չեն տալիս («Ժողովուրդ»), որ հայագիտության զարգացման վերաբերյալ գործադրի ընդունած որոշումները մնում են թղթի վրա («168 ժամ»):
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ աշխատանքային այցին և հայ-ամերիկյան գիտական կապերի զարգացման հեռանկարներին իր անդրադարձում «Հայաստանի Հանրապետությունը կարևորել է նաև Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ամերիկաբնակ ակտիվիստների հետ հանդիպումը, ինչը «Ժողովուրդը» «որոշել» է որակել «Տհաճ հանդիպում»: Վարչապետի այցին արձագանքել են նաև «Օրակարգը» («Սիլիկոնային հովտում մեկնարկում է «Արմթեքը») և «Գոլոս Արմենիին», որի մի այլ հրապարակում ներկայացրել է Գյումրու տեխնոպարկի համապատասխան լաբորատորիաների տեխնիկական համալրման գործընթացները` «Գյումրու տեխնոպարկը` կայացման փուլում»:
«Ինչից է պատրաստված հայկական երշիկը». «Հայոց աշխարհը» անդրադարձել է երշիկեղենի շուկայում ՏՄՊՊ հանձնաժողովի կատարած ուսումնասիրության արդյունքներին` միանալով «Ազգի», «Օրակարգի», «Իրավունքի», «Նովոյե վրեմյայի», «Հայկական ժամանակի» և «Հայաստանի Հանրապետության» հրապարակումներին ու նշելով, որ «սպառողներին խաբելու և թյուրիմացության մեջ դնելու համար 21 արտադրողի նկատմամբ» կիրառվել է «առավելագույն պատիժ»: