չորեքշաբթի, 12 դեկտեմբերի 2012
Մամուլը վարչապետի այցին հետևում է խոշորացույցով
Հրապարակումների «բազմագույն» վերնագրերը գրեթե լիակատար պատկերացում են տալիս վարչապետի այցի մանրամասներին. «Կրթված մարդը` հասարակության զարգացման շարժիչ. ԱՄՆ-ում վարչապետը մասնակցել է «ԱրմԹեք-2012» համաժողովին» («ՀՀ»), «Լոս Անջելեսում Տիգրան Սարգսյանը հանդիպեց Կալիֆորնիայի հայ համայնքի հետ» («Ազգ»), «Ժողովրդի և պետության համար օգտակար երկխոսություններ» («ՌԱ»)… Կան նաև «եզան տակ հորթ որոնողներ». «Աղքատ են, քանի որ անգրագետ են» («Ժողովուրդ»), «Վարչապետը, յուր կինը և պաշտոնատար այլ անձինք» («Առավոտ»), «Ցախավելին սպասելիս» («ՀԺ»): Վերջակետը դնում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը. «Վարչապետը շատ պրոֆեսիոնալ է միջազգային կառույցների հետ աշխատելիս, հատկապես ֆինանսական խնդիրները լուծելու հարցում: Վարչապետի գործոնը շատ կարևոր է, ինքն արդեն թրծվել է, կայացել է Կենտրոնական բանկում և գիտի բոլոր պահանջները` բանակցության սեղանին նստելու ժամանակ» («Ժողովուրդ»):
Գիերմո Տոլոսայի երեկվա մամուլի ասուլիսը լուսաբանել են գրեթե բոլոր լրատվամիջոցները, այդ թվում «ՀՀ»-ն, «ՀԺ»-ն, «Ազգը», «Օրակարգը»:
Այսօրվա մամուլում արձանագրվել են կառավարության տնտեսական գործունեության մի քանի կարևոր ուղղությունների արդյունքները` «Պետություն-մասնավոր» համագործակցության գումարելիները» («Հրապարակ»), «Պետությունը պետք է արտաքին առևտրի մասնակիցը դառնա» («ՌԱ»), «Ազատ տնտեսական գոտիների շահագործումը` իրականություն. ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շուտով կավարտվեն» («ՀՀ»): Թերթերը նաև տեղեկացնում են, որ «Տրանսֆերտները ավելանում են, բայց աղքատությունը չի նահանջում» («ՀԱ»), «Նաիրիտը» պարտքեր է փնտրում. քիմիական հսկան 100 մլն դոլարի հայտ է ներկայացրել Եվրասիական զարգացման բանկին» («Օրակարգ»):
Արտ. Գեղամյանը շարունակել և ավարտել է «ՀԱ»-ի նախորդ համարում սկսած «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» հոդվածը, «Հրապարակը» տպագրել Վանո Սիրադեղյանի «թերևս միակ չափածո ստեղծագործությունը»` «Երկիր, ցպահանջ»: