ուրբաթ, 21 դեկտեմբերի 2012
Հարցում էլ կա` հարցում էլ
Եթե «Գելափը» Հայաստանում հարցում է անցկացնում և պարզում, որ առաջիկա նախագահի ընտրությանը բոլորից շատ կողմնակից կարող է ունենալ ՀՀԿ թեկնածուն, ապա մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում, իհարկե, «Ժողովուրդը», ոչ միայն կասկածում են այդ տվյալի արժանահավատությանը, այլև ընթերցողին կոչ անում չհավատալ «հայկական» «Գելափին»: Ուրիշ բան, եթե նույն «Գելափը» «դրսից» է հարցում արել և մանավանդ հանգել այն եզրակացության, որ «Հայաստանն աշխարհի ամենադժբախտ երկրներից է». սա արդեն «մի շարք լրատվամիջոցները», այդ թվում` «Առավոտը», հալած յուղի տեղ են ընդունում և ընթերցողին էլ կողմնորոշում դեպի «Գելափի» հարցումների անաչառությունը:
Բայց և այնպես, աշխարհի այս «ամենադժբախտ» երկրի բնակչությունն այսօր` 2012 թ. դեկտեմբերի 21-ին հանգիստ է. արտակարգ իրավիճակների մեր նախարարը նույն «Ժողովուրդի» միջոցով կոչ է արել չհավատալ և չպատրաստվել աշխարհի վերջին, այլ զբաղվել Ամանորի հաճելի հոգսերով:
Այս ամենից զատ մեզանում կա նաև «Բագրատյանի էֆեկտը». մամուլի, այս անգամ` «Ժամանակի» հավաստմամբ, նա նույնպես նախագահի թեկնածու է առաջադրվելու` դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնց անդրադառնում են լրատվամիջոցները:
Շարունակում է հրատապ մնալ ՀՀԿ-ական պատգամավորի` լրագրողին հասցրած վիրավորանքի թեման. «Մհերը և Մհերը» («Ազգ»), «Նախարար եմ ասել» («ՀԺ»), «ՀՀԿ-ական պատգամավորները Մհեր Սեդրակյանի պահվածքից «անտեղյակ» են» («Ժամանակ»): Սակայն ինքնատիպությամբ հատկապես աչքի է ընկնում «Օրակարգը», որը կարծիք է հայտնում, որ «նման տեսարանի ականատես չէինք դառնա, եթե ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանը համարժեք արձագանքեր այն արտահայտությանը, որն իր հասցեին արել էր Մհեր Սեդրակյանը»: Թերթը հիշեցնում է, որ մի առիթով սույն պատգամավորը չէր կարողացել հիշել, թե ով է Տիգրան Սարգսյանը, ինչին ի պատասխան վարչապետը մեկնաբանությունից հրաժարվել էր` մամուլի ծառայության միջոցով պատճառաբանելով, որ ինքը և այդ մարդը «գտնվում են տարբեր արժեքային համակարգերում»:
«Դե ֆակտո իրատեսը» նույնպես իր քաղաքական վերլուծության մեջ չի շրջանցում վարչապետի արժեհամակարգի թեման` հիմնովին հերքելով «տարբեր լրատվամիջոցների» այն պնդումը, թե իբր Տիգրան Սարգսյանը «հակառուսական ճամբարի անդամ է»: «Կեղծ «տեղեկատվական պայքարն» ու հայտնի «բոչկա գլորողները» հոդվածը շարունակելի է:
Կառավարության երեկվա նիստին անդրադարձում «Ազգը» կարևորել է եկամտային հարկը ներկայացնելու նոր կարգի հաստատւմը և էլեկտրոնային թվային ստորագրություն ձեռք բերելու որոշման մեջ փոփոխությունների իրականացումը: «Առավոտը» «Շրջանառության նոր հարկով ՓՄՁ-ն վնասներ չի՞ կրի» հարցի պարզաբանման նպատակով զրուցել է ՀՅԴ-ական խորհրդարանական Արծվիկ Մինասյանի և ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի, «Իրատես դե ֆակտոն» «Ինչպիսին էր 2012-ը բարեփոխումների տեսակետից» թեմայով` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղեկալ Աշոտ Մուսայանի հետ («Հայաստանը 185 երկրների շարքում զբաղեցրել է 4-րդ տեղը»);
«Օրակարգը» Հայաստանի տնտեսության իրավիճակը պարադոքսային է որակել և փորձել հիմնավորել` «մի կողմից վարկային միջոցների հասանելիությունը խոչընդոտ է, մյուս կողմից կազմակերպությունների 41%-ը որպես ներդրումների աղբյուր նշում է վարկային ռեսուրսը»: Ներդրումների ներգրավման թեմային անդրադարձել է նաև «Ռեսպուբլիկա Արմենիան»:
2012-ի 11 ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերաբերյալ ԱՎԾ հրապարակմանը «Ազգը» արձագանքել է «Արդյունաբերությունը գերազանցեց 1 տրլն դրամը, արտաքին առևտուրը` 5 մլրդ դրամը» հոդվածում, որում «6-6,5 տոկոս տնտեսական աճը Հայաստանի համար բավականին բարձր ցուցանիշ» է որակել:
Այլ կարծիքի են «Օրակարգը» («Գործադիրը չի արդարացնում հույսերը. նախագահի ակնկալած ցուցանիշները կարծես չեն իրականանա»), «Հայկական ժամանակը» («Վիճակը հեչ լավ չէ») և «Իրավունքը»: «Հայոց աշխարհը» մտահոգություն է հայտնել, որ «Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է», «Ժամանակը»` «խրատաբանել», թե «Տնտեսական աճը չի կարող հրահանգով լինել»: