հինգշաբթի, 10 հունվարի 2013
Հին ու նոր թեմաները` «թևանցուկ»
«Հայոց աշխարհը» նոր տարվա անդրանիկ համարը նշանավորել է բյուջեի հարկային մուտքերի ամբողջությամբ կատարման մասին հայտարարությամբ, «Հայաստանի Հանրապետոթյունը»` կարևորել, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «աշխատավարձերը բարձրացել են 40 տոկոսով» («Վարչապետի հանձնարարականը կատարված է»): «168 ժամի» հետ զրույցում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ 2012 թ. Հայաստանը կարողացել է նոր էջ բացել ՏՏ ոլորտում, և այդ հարցում «առանցքային նշանակություն» է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության գործունեությունը «տարեվերջյան ArmTech համաժողովում»:
Կառավարության այսօրվա նիստում քննարկման առաջարկված հարցերից «Հայկական ժամանակը» «առանձնացրել» է «ՀՀ 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման նախագիծը («50 ամիսը քլնգեց դուռս»), «Հայոց աշխարհը»` պետական խորհրդանիշերի օր սահմանելու հարցը («Պետական խորհրդանիշերը հարգելու անհրաժեշտությունը»):
Տրանսպորտի նախարարի Գյումրի կատարած աշխատանքային այցի առիթով «Առավոտը» հարցրել է` «Գագիկ Բեգլարյանին Գյումրի բերողը ճանշինների «ատկատնե՞րն էին», թե՞ առաջիկա նախագահական ընտրությունները»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է «ծով չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին միջազգային կոնվենցիային» Հայաստանի անդամակցության մի շարք դրական կողմերի վերաբերյալ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի նկատառումները: «Ժամանակը» հայտարարել է, թե «Էռնեկյանը չի հանձնում ԱԳՆ շենքը», «168 ժամը» թե` քաղաքականությունն ու բիզնեսը «մեզանում … այնքան են սերտաճել, որ … սկսել են պատճենահանել մեր տնտեսական վիճակի ամենաանառողջ կողմերը» («Ինչպես է պետական համակարգը վերածվում անբարեխիխճ առևտրականի»): «Հայկական ժամանակում» Նիկոլ Փաշինյանը ավարտել է իր ծավալուն հոդվածը` «Քաղաքական տարին մեկնարկելիս»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Բրյուսել կատարած այցին ըստ «ճաշակի յուրյանց» արձագանքել են «Ժամանակը» («Պետության հաշվին շռայլողը» և «Հովիկ Աբրահամյանը` Ծառուկյանի հետքերով») և «168 ժամը» («Հովիկ Աբրահամյանը` Գագիկ Ծառուկյանի թակարդում»): «Առավոտում» քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տեսակետ է հայտնել, թե «նախագահի ընտրությունից հետո … նոր ընդդիմության ձևավորման հայտ է լինելու» («Հայտնի շրջանակները փորձում են վարկաբեկե՞լ Հրանտ Բագրատյանին»), «Ժամանակում» «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ղեկավար Մանվել Գասպարյանը հավելել, որ «Հրանտ Բագրատյանի` նախագահի ընտրությանը մասնակցելու որոշումը փոքր ինչ հապշտապ էր» («Հրանտ Բագրատյանը դեռևս ինքնամաքրման կարիք ունի»):