ուրբաթ, 11 հունվարի 2013
Գիտունիկները
«Իրավունքի» էջերում սովորաբար տնտեսական հարցեր մեկնաբանողին այդ ոլորտը խիստ նեղ է թվացել, և նա վերջին շրջանում ընթերցողին է մատուցում նաև իր քաղաքական մտավարժանքները. այսօր էլ ամենքին տեղեկացնում է, որ մեր «տարածաշրջանը շարունակում է ռազմականացվել արագ տեմպերով»` չմոռանալով մեկ այլ նյութում պատասխանել հռետորական այն հարցին, թե «Ի՞նչ է սպասվում դոլարի փոխարժեքին»: «Հայաստանի զրուցակցում» «ամենագետ» իրավապաշտպանը մեռելոցը ոչ աշխատանքային օր սահմանելու կառավարության որոշումը «կրոնական խտրականության» դրսևորում է համարում, ինչը լիովին համապատասխանում է սույն գործչի «ազատական» ըմբռնումներին: Իսկ ահա «ՀԺ»-ի մշտական տնտեսական մեկնաբանը կառավարության ղեկավարի երեկվա ներածական խոսքի «իսկությունը» պարզելու համար «արխիվներ է քրքրել» և հանգել իր իսկ սահմանած «տրամաբանական» եզրակացությանը` «Ինչի՞ վրա ուրախանանք»: Երեկվա նիստի տարբեր հարցերին են անդրադառնում «Դե ֆակտո իրատեսը», նույն «ՀԺ»-ն, «Ժամանակը», որը դժգոհ է, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել որոշակի «զանցանքների» համար պատգամավորներին պատժելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:
Նիստի ավարտին «ՀԺ»-ն և «Ժամանակը» փորձել են էներգետիկայի և բնական պաշարների նախարարից ճշտել «գազի գինը», բայց չեն հաջողել, իսկ «ՀՀ»-ն կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնությամբ պարզել է, թե «ինչ գործեր է անելու կառավարությունն այս տարի»:
«Առավոտը» տպագրել է Երևան-Երասխավան ուղևորագնացքի մշտական ուղևորների «բաց նամակը» ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին. նամակագիրները բողոքում են, որ հունվարի 1-ից հանիրավի բարձրացվել է ուղևորության սակագինը:
«Դե ֆակտո իրատեսն» ավարտել է դեռևս անցյալ տարեվերջին սկսած հոդվածաշարը` «Տեղեկատվական բոչկաներին» պետք է մոտենալ ըմբռնումով և ոչ մեծ հուզականությամբ»: