չորեքշաբթի, 16 հունվարի 2013
«Մասամբ ազատ»-ի առեղծվածը
Վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանի հետ զրույցը «Առավոտը» խորագրել է «Հայաստանը եվրոպական, այլ ոչ թե եվրասիական քաղաքակրթության մաս է», թեև «Օրակարգի» փոխանցմամբ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ազատությունը աշխարհում 2013թ.» տարեկան զեկույցում Հայաստանը (նաև «վիճելի տարածք» նշված Լեռնային Ղարաբաղը) դասել է «մասամբ ազատ» երկրների շարքին: «Հրապարակը» «փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ընդառաջ» հրապարակել է «Ո՛չ թագավոր է պետք, ոչ էլ փրկիչ` Հայաստանին պետք է տնտեսությունից հասկացող ազնիվ քաղաքական գործիչ»` աչքի առաջ ունենալով Հրանտ Բագրատյանին: «Ժամանակը» «որոշել է» հաջորդ խորհրդարանի հանձնաժողովների պաշտոնները և պաշտոնյաներին` «ՕԵԿ-ը նոր պաշտոններ է ուզում ԱԺ հանձնաժողովներում»:
«Առավոտում» հրապարակված «2012-ի գույները» հոդվածում ներկայացվել են նախորդ տարվա կարևոր ձեռքբերումները` «Հայկական նոր բրենդ` Քենդլ», «սոցիալական փաթեթ` պետական ծառայողներին» և այլն: «Օրակարգը» նշել է տեղաբաշխման առաջին օրը «2013թ. առաջին թողարկման միջնաժամկետ պետական պարտատոմսերի» «պահանջարկված չլինելու» մասին, գրել, թե «ֆինանսների նախարարությունը տարին սկսել է թանկ միջոցների ներգրավմամբ», մի այլ հրապարակման մեջ էլ հավելել, թե «Պետպարտքն աճել է 10%-ով»: «Հայկական ժամանակը» վերստին անդրադարձել է պետական գնումների համակարգում անցյալ տարվա աղմկոտ բացահայտումներին և եզրակացրել, թե իբր «պետական բյուջեի միջոցներով իրականացվող գնումները… լինելու են «շատ տարօրինակ», «Ժամանակը»` հայտարարել, թե 2013-ի համար 7 տոկոս տնտեսական աճը, առհասարակ, «կանխատեսվող աճերը պարզապես բուտաֆորիա են», որոնք «իրական կյանքի, իրական մարդկանց պահանջները բացարձակապես չեն բավարարում»:
«Ժողովուրդը» հայտարարել է, թե «ՀՀ-ում համատիրության ինստիտուտը կայացված չէ», նաև, մի այլ հոդվածում հարցրել` «Ուր կորան տեխզննման կտրոնները»` հընթացս «ամբողջացնելով» նախորդ տարեվերջին ավտոմեքենաների տեխնիկական զննման հետ կապված հրապարակումները: «Օրակարգը» տեղեկացրել է, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք» ծրագրին հատկացվելիք վարկի պայմանագիրը կստորագրվի («Տարաձայնությունները շրջանցել են Հյուսիս-Հարավը. Ասիական բանկն ու կառավարությունը համաձայնության են եկել երրորդ տրանշի շուրջ»):