ուրբաթ, 18 հունվարի 2013
Միահամուռ գնահատական
Վաղուց մեր լրատվամիջոցները գրեթե միատեսակ դրական վերաբերմունք չէին դրսևորել քաղաքական որևէ իրադարձության հանդեպ, ինչպիսին ցուցաբերեցին Վրաստանի վարչապետի այցի վերաբերյալ: Բնորոշումներ օգտագործվեցին նաև «հին, բարի» ժամանակների բառապաշարով. «Եղբայրական հարաբերությունները կամրապնդվեն», «Իվանիշվիլին կողմ է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը. Հայաստանի և Վրաստանի վարչապետները պայմանավորվել են սերտորեն համագործակցել» («ՀՀ»), «Հայ-վրացական հարաբերությունները կարող են լավագույնը դառնալ պատմության մեջ», «Վրաստանը շահագրգռված է երկաթուղու աբխազական հատվածի աշխատանքի վերականգնմամբ» («ՌԱ»), «Տարածաշրջանին անհրաժեշտ են նոր մոտեցումներ» («ՀԱ»), «Իվանիշվիլին կրկին խոսեց աբխազական երկաթուղու վերագործարկման օգտին» («Իրավունք»), «Վարչապետներն իրար հասկացան» («Դե ֆակտո իրատես»), «Բիձինան եկավ մեր բակը» («Ժամանակ»), «Այցը բավական մեծ հետաքրքրություն էր առաջացրել» («ՀԺ»): Որոշ նյութեր բովանդակում են քննադատական տարրեր` «Բարիվրացիական» («Օրակարգ»), «Փաստորեն երկու երկրում մի թարգմանիչ չի գտնվել» («Հրապարակ»): Այցի արդյունքն այնքան խոստումնալից է եղել, որ «Ժողովուրդը» զգուշացել է. «… դրական միտումները մի տեսակ չափազանց շատ են մեկ այցի համար և չափազանց դրական են` իրականություն լինելու համար»:
«Իրավունքում» հրապարակված «Առանցքայինը` 2012-ի տնտեսական կյանքում» հոդվածում ներկայացվել են նախորդ տարվա ընթացքում տարբեր ոլորտներում արձանագրված դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, կարևորվել, որ «Հայաստանում տնտեսական աճի տեմպը բարձրերից մեկն է տարածաշրջանում»: Հակառակ կարծիքին է «Հայկական ժամանակը»` մասնավորապես հիմք ընդունելով, որ «ՀԲ-ի կանխատեսած տնտեսական աճը ավելի համեստ է (6,8 տոկոս), քան կառավարության կանխատեսումն է` 7,1 տոկոս («Էլի տնտեսական անկում»): Թեմային անդրադարձլ են նաև «Հայաստանի զրուցակիցը» «Տեղական տնտեսության «արժեքավոր» ցուցանիշները» ծավալուն հրապարակման մեջ, հընթացս «փորձելով մեկնաբանել», թե «պաշտոնյաներն ինչի մասին են լռում», և «Օրակարգը», որը մասնավորապես գրել է, որ «Գործադիրը տարին փակել է բյուջեի դեֆիցիտի` ծրագրվածից մոտ երկու անգամ պակաս ցուցանիշով»:
«Դելովոյ էքսպրեսը» հանքարդյունաբերության զարգացման հեռանկարների մասին զրուցել է գործարար Սուրեն Գևորգյանի հետ, «Ժողովուրդը» փոխանցել է ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հայտարարությունը` «Հանձնաժողովը գործում է անկախ և անկողմնակալ», «Հայկական ժամանակը»` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հետ զրույցում անդրադարձել «ԵԴ-ում Հայաստանի դեմ կայացված վճիռների համար պատասխանատու պաշտոնյաներին» պատասխանատվության ենթարկելու հիմնախնդրին: